Հայաստանի խճուղային հեծանվավազի առաջնության արդյունքներով որոշվել են այն երեք պատանի հեծանվորդների անունները, որոնք Հունգարիայում մասնակցելու են օլիմպիական փառատոնին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ թիմում ընդգրկվել են Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը եւ Հենրիկ Երանոսյանը, իսկ Արման Ազիզյանը կլինի պահեստային:
Մեր մյուս հեծանվորդները պատրաստվում են հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը (հուլիսի 18-23, Պորտուգալիա): Հավաքականի վերջնական կազմը կորոշվի հեծանվահրապարակի ներքին առաջնությունից հետո:
«Խճուղու Հայաստանի առաջնությանը մեր հեծանվորդները լավ հանդես եկան: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը եւ օլիմպիական փառատոնը, պատրաստվելու ժամանակ ունենք: Աշխատելու տեղ կա, կփորձենք լրացնել բոլոր բացերը: Մինչեւ աշխարհամասի առաջնությունը հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- ասել է մարզիչը:
Արմեն Գյոզալյանը նշել է նաև, որ մեր առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հետ կմեկնի Ռուսաստան: Ստեփանյանը Տուլա քաղաքում կմասնակցի Գրան Պրիի, որից հետո Մոսկվայում հանդես կգա Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարում: Այս տարի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին նախատեսվում է Հրաչյա Շաբոյանի մասնակցությունը:










