Ալիևը նախ թող իր տարածքը շենացնի. ՀՀ ՊՆ ներկայացուցչի արձագանքը Ադրբեջանի նախագահի՝ Արցախը շենացնելու հայտարարությանը


Ալիևը նախ թող իր տարածքը շենացնի. ՀՀ ՊՆ ներկայացուցչի արձագանքը Ադրբեջանի նախագահի՝ Արցախը շենացնելու հայտարարությանը
Հոկտեմբեր 30 00:17 2020

«Ալիևը նախ թող իր տարածքը շենացնի, իր բանկիչներին, որոնց տեսնում ենք թշվառության մեջ, բացի Բաքվի կենտրոնական շրջաններից, հետո նոր մտածի մնացածի մասին, որը երազանք է իր համար», -ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե ինքը կշենացնի Ղարաբաղը և հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել միասին:

Հիշեցնենք, որ նույն հարցին դարձյալ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անդրադարձել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նաղդալյանն ասել է, որ Ադրբեջանի նպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին, և Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Մարդասիրական այն կոպտագույն խախտումների մասին, որոնք իրականացնում է Ադրբեջանը՝ մինչև անգամ բուժհիմնարկներ թիրախավորելով, ու այն էլ՝ համավարակի օրերին: Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտումներ են արձանագրվել նաև Հադրութի շրջանում, իսկ պատերազմական հանցագործությունները ոգևորիչ են ադրբեջանիցիների համար: Այն տարածքները, որոնք ժամանակավոր անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ավերվում են լիարժեքորեն, որպեսզի բնիկ ժողովուրդն այլևս չկարողանա վերադառնալ իր բնակավայրեր:

«Պատերազմական կանոնների պահպանումը, մարտական գործողություններում իրականացվող քայլերով և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորված հարգանքով է, որ կանոնավոր բանակը տարբերվում է ահաբեկչական խմբավորումից, իսկ պետությունը տարբերվում է ահաբեկչական կազմակերպությունից: Ակնհայտ և միտումնավոր կերպով խախտելով պատերազմական կանոնները և միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանում խրախուսելով ու հպարտության առարկա դարձնելով ռազմական հանցագործությունը՝ Ադրբեջանի իշխանությունն իր վրա է վերցնում այս բոլոր գործողությունների կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները»,- հավելել է մամուլի խոսնակը: