Գերմանական Bild-ի թղթակիցը տեսանյութ է հրապարակել հրթիռակոծված Ստեփանակերտից


Գերմանական Bild-ի թղթակիցը տեսանյութ է հրապարակել հրթիռակոծված Ստեփանակերտից
Հոկտեմբեր 7 21:10 2020

Գերմանական Bild պարբերականի թղթակից Փոլ Ռոնցհայմերը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից՝ ներկայացնելով, թե ինչ վիճակում է գտնվում քաղաքն օրեր շարունակ հրթիռակոծվելուց հետո:

«Ստեփանակերտում նկուղում գիշերն անցկացնելուց հետո, որի ընթացքում անդադար ռմբակոծություններ և օդային տագնապի ազդանշաններ էին լինում, մենք ընդամնեը 20 րոպե ժամանակ ունեինք քաղաքից դուրս գալու համար»,- տեսանյութին կից գրել է գերմանացի լրագրողը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։