Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները սկսելուց ի վեր արդեն մեկ շաբաթ է անցել, սակայն լարվածությունը դեռ չի նվազում: Ընդհակառակը՝ հոկտեմբերի 4-ին Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար հրետակոծել են Ստեփանակերտի և Գանձակի խաղաղ շրջանները: Երկու քաղաքներում էլ կան զոհեր և վիրավորները: Կողմերից ոչ մեկը պատրաստ չէ բանակցություններին, գրում է «Իզվեստիա» թերթը:
Չի բացառվում, որ ռուս խաղաղապահներին ԼՂ-ում տեղակայելու հարցը կքննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն ոչ Բաքուն, ոչ Երևանը դեռ ոչ մի իրական քայլ չեն ձեռնարկել՝ ի օգուտ առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների, ինչպես պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: ԼՂՀ-ի նախագահի խորհրդականը նշել է, որ խաղաղապահներին տեղակայելու մասին դեռ վաղ է խոսել:
«Մենք ամեն վայրկյան ստիպված ենք կանգնեցնել հակառակորդի հարձակումները: Եկե՛ք խաղաղապահների մասին խոսենք այն բանից հետո, երբ կկոտրենք այս ահաբեկչության ողնաշարը՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի»,- բացատրել է իր դիրքորոշումը Դավիթ Բաբայանը:
Քաղաքագետ Դենիս Դենիսովի կարծիքով, քանի դեռ հակամարտությանը չի խառնվել երրորդ ուժը, այն կշարունակվի մինչև կողմերից մեկի հնարավոր հաղթանակը: Մինչ այդ իրավիճակը քիչ է նպաստում, որ Երևանը և Բաքուն ինքնակամ դադարեցնեն փոխհրաձգությունները և նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Նրա խոսքով, խաղաղապահներին բերելն այնքան էլ պարզ մեխանիզմ չէ: Անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի մանդատը: Եթե խոսք լինի ՀԱՊԿ-ի խմբի տեղակայման մասին, ապա կարող են առաջանալ բյուրոկրատական քաշքշուկներ, քանի որ կան տարբեր երկրներ, որոնք կցանկանան իրենց խաղաղապահներին մտցնել շրջան, նշել է քաղաքագետը:
«Եվ դա այնքան էլ արագ գործընթաց չէ. Գործունակ խումբ ձևավորելու համար կարող է մեկ ամիս պահանջվել»,- ընդգծել է Դենիսովը:
Շտապողականությունն այս հարցում կարող է շատ վնասել գործընթացին և հարվածի տակ դնել հենց խաղաղապահներին, վստահ է փորձագետը:
Մեկշաբաթյա ականապատում. 7 օրվա ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը չեն մոտեցել բանակցություններին. Известия










