Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը եռում է արդեն ավելի քան 30 տարի, վերաճել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների և կարող է մարտահրավեր լինել ՆԱՏՕ-ի համար, գրում է բրիտանական New Statesman թերթը։
Ինչպես մատնանշում է թերթը, սեպտեմբերի 27-ի առավոտյան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով վերսկսված ռազմական հակամարտություններից հետո Թուրքիան բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։
«Հակամարտությունը կարող է ավարտվել ՆԱՏՕ-ի անդամների՝ տարբեր կողմերի կամ անգամ միմյանց դեմ ՆԱՏՕ-ի անդամների աբսուրդային միավորմամբ՝ չնայած դա առաջին անգամ չէ, ինչը մեզ հուշում է արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ևՀունաստանի միջև շարունակական հակազդեցությունը»,- գրում է թերթը։
Ինչպես նշում է թերթը, «հնարավոր է, որ առաջին անգամ Արևմտյան Եվրոպայի երկրները, օրինակ՝ Ֆրանսիան, նորագույն պատմության մեջ սկսել են առաջարկել զգուշավոր քաղաքական աջակցություն հակամարտության միևնույն կողմին, որին աջակցում է Ռուսաստանն ու Իրանը (երկուսն էլ Հայաստանի դաշնակիցների են) ընդդեմ ՆԱՏՕ-ի անդամի (Թուրքիա)»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:










