Դա մեր համաչափ արձագանքն էր Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողություններին. ԱԳ նախարար


Դա մեր համաչափ արձագանքն էր Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողություններին. ԱԳ նախարար
Օգոստոս 1 10:00 2020

Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձեւավորված ապակառուցողական եւ ապակայունացնող քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել եւ շարունակում ենք ականատես լինել Արեւելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական լարվածությանը եւ Թուրքիայի արձագանքին:

«Այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս, որն անընդունելի է, որին մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ դիմակայելու ենք այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որեւէ փորձ տարածաշրջանի հարեւանի կողմից մեզ համար անընդունելի է լինելու: Մենք այդ առումով օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձեւաչափերի ակտիվացման միջոցով»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանը ԵԱՀԿ հայտագիր է շրջանառել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի եւ Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցման մասին, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը միասին՝ նախաձեռնելով եւ իրականացնելով այս ռազմական վարժությունները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ եւ՛ միջազգային հանրության, եւ՛ համանախագահների, մեր ամբողջ ռեսուրսը ներդրվում է դե-էսկալացիայի ամրապնդման վրա։ Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈՒ-ի եւ Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձեւավորման եւ գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, եւ սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից»:

Հարցին, թե այսինքն դա պատասխանն է թուրք-ադրբեջանական զորավարժությունների՞, նախարարը դրական պատասխան է տվել: