Վստահ եմ, որ Պետրոսյանի գլխավորությամբ հավաքականը կարող է լուծել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու խնդիրը. Ռուբեն Հայրապետյան


Վստահ եմ, որ Պետրոսյանի գլխավորությամբ հավաքականը կարող է լուծել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու խնդիրը. Ռուբեն Հայրապետյան
Մայիս 6 17:24 2017

Հուսով եմ ու նաև վստահ, որ հենց Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մեր հավաքականը կարող է լուծել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու խնդիրը, որը մեր բոլորիս վաղեմի երազանքն է: Ինչպես փոխանցում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպության 15-րդ տարեկան ժողովում:

«Հաշվետու ժամանակաշրջանը հակասական էր Հայաստանի ազգային հավաքականի համար: Եղան ինչպես ցավալի պարտություններ, այնպես էլ հուսադրող հաղթանակներ: Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականն այսօր ունի նոր գլխավոր մարզիչ, որի գլխավորությամբ մեր թիմը տարել է 2 անընդմեջ հաղթանակ: Արթուր Պետրոսյանի ծրագիրը երկարաժամկետ է եւ հեռանկարային, իր առջեւ դրված նպատակները՝ պարզ եւ իրատեսական՝ այս շրջափուլում յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար, սահուն կերպով իրականացնել ազգային հավաքականի՝ նոր ֆուտբոլիստներով համալրման գործընթացը, ստեղծել մարտունակ եւ իր առջեւ բարձր խնդիրներ դնելու ունակ ազգային հավաքական»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Ժողովում հատաստվել է 2017թ. ՀՖՖ բյուջեն, որի համաձայն կազմակերպությունը կունենա 3 միլիարդ 620 միլիոն դրամ եկամուտ եւ կկատարի 3 միլիարդ 855 միլիոն դրամ ծախս: Անցած ֆինանսական տարվա արդյունքում ՀՖՖ-ն ունեցել է 131, 571 միլիոն դրամ մնացորդ:

Ժողովի ընթացքում քննարկվեց ՀՖՖ Գործկոմի անդամ Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից հեռացնելու հարցը: ՀՖՖ կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները չկատարելու, ինչպես նաեւ ՀՖՖ գործկոմի նիստերին եւ աշխատանքներին չմասնակցելու հիմքով Ժողովը որոշեց հեռացնել Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից: Օրակարգի վերջին հարցը ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի եւ «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ դիմումների քննարկումն էր: Ժողովը միաձայն կողմ քվեարկեց ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի եւ «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ օգտին: