Ուինսթոն Չերչիլ և Կլեմենտինա Հոզեր. 57 տարի միասին


Ուինսթոն Չերչիլ և Կլեմենտինա Հոզեր. 57 տարի միասին
Ապրիլ 7 14:30 2020

Ավելի քան կես դար տևած երջանիկ այս ամուսնությունը հավատարմության, նվիրվածության փայլուն օրինակ է։ Կլեմենտինայի մայրը վստահ էր, որ իր աղջկա ամուսնությունը Ուինսթոն Չերչիլի հետ հաստատ երջանիկ ու հաջողված էր լինելու։ Նա համոզված էր, որ իրենց մորը սիրող ու հարգող տղաները լավ ամուսիններ են լինում։

Հայտնի բրիտանական քաղաքական գործչի  ընտանիքում ծնված Ուոինսթոն Չերչիլը ստացել էր իր ժամանակվա լավագույն զինվորական կրթությունը, սակայն նա տարված էր ժուռնալիստիկայով։
Չերչիլը մասնակցել էր անգլո-բուրական պատերազմին և գերությունից փախչելով, վերադարձել էր հայրենիք որպես ազգային հերոս։ Նա գրել էր գիրք անգլիացի զինվորների հերոսությունների մասին, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ բեսթսելեր։ Իր ապագա կնոջը հանդիպելու պահին Չերչիլն արդեն բավականին հայտնի քաղաքական գործիչ էր։

Կլեմենտինա Հոզերը հին շոտլանդական բարձ ծագում ունեցող երիտասարդ մի լեդի էր` ազնվական հասարակության մեջ հայտնի` իր խիստ բարոյական բարքերով։ Նա հեզության և բարեկրթության փայլուն օրինակ էր, տիրապետում էր մի քանի օտար լեզուների, դաշնամուր էր նվագում և հրաշալի նկարում էր։ Կլեմենտինան գրավում էր ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև առաջադեմ հայացքներով։ Նա խելքի և հմայքի գեղեցիկ համադրություն էր։

Նուրբ ճաշակը, ազնվական ծագումը Կլեմենտինային դարձրեցին Մեծ Բրիտանիայի գեղեցկության ու ոճի խորհրդանիշը։Այս ամենի հետ մեկտեղ Կլեմենտինան սրամիտ էր, նուրբ հումարի տեր, հասկանում էր քաղաքականությունից։ Քանի որ նրա ընտանիքը հարուստ չէր, Սորբոնն ավարտելուց հետո աղջիկը ստիպված էր գումար աշխատել ֆրանսերեն դասավանդելով։
Դժվարությամբ  գումար վաստակող 23 ամյա այս օրիորդը նաև հեռատես էր ու աչալուրջ։ Նա հանգիստ կարողացավ մերժել երեք երիտասարդների ամուսնության առաջարկը, շատ հնարավոր է, որ նա զգում էր, թե ով է դառնալու իր երկար սպասված` միակն ու անկրկնելին։

Առաջին անգամ Ուինսթոնն ու Կլեմենտինան հանդիպեցին լորդ Կրյուի կազմակերպած բարձրաշխարհիկ միջոցառմանը։ Չերչիլը սկզբում տարօրինակ տպավորություն թողեց աղջկա վրա։ Երիտասարդն անընդհատ փորձում էր նրան պարի հրավիրել, բայց չէր համարձակվում։ Քաղաքականության մեջ լավագույն հռետորը կանանց հետ շփումներում ամաչկոտ էր և ժլատ` խոսելու մեջ։ Երևի հենց դրա համար էլ նա աղջիկների շրջանում հաջողություն չուներ ու արդեն չորս անհաջող նշանադրություն էր ունեցել։
Կլեմենտինան այս հաճելի, բայց ոչ ճկուն տղամարդուն արդեն նկատել էր աբոխի մեջ, սակայն դաստիարակությունը թույլ չէր տալիս առաջին քայլն անել։ Այս պահից սկսած Ուինսթոնը տեղ գտավ աղջկա հոգում և հիշողության մեջ։ Նրանց հաջորդ հանդիպումը այս դեպքից չորս տարի անց էր։

Նրանք կրկին հանդիպեցին հերթական մի պարահանդեսի ժամանակ, որին Կլեմենտինան չէր ուզում գնալ, սակայն վերջին պահին փոխեց մտադրությունը, Հագնելով ոչ այնքան համապատասխան զգեստ, նա երեկույթի գնաց վատ տրամադրությամբ։

Չերչիլն էլ այլ միջոցառման էր հրավիրված, նրան էլ հորեղբայրը համոզեց ընկերակցել իրեն պարահանդեսում։ Այսպես անսպասելի սկիզբ դրվեց մի գեղեցիկ ու երջանիկ սիրո պատմության։

Այս անգամ Չերչիլն արդեն փոխնախարար էր, կարողանում էր իրեն համարձակ դրսևորել, հետաքրքիր զրույցներ վարել։ Նա Կլեմենտինային պարի հրավիրեց և նույնիսկ գրավեց նրան իր հետաքրքիր պատմություններով։ Աղջիկը Ուինսթոնի մեջ միանգամից տեսավ բարի, քնքուշ և որ ամենակարևորն է` շատ հեռանկարային ամուսնու թեկնածուի։
Ուինսթոնը Կլեմենտինային առաջարկեց հյուրընկալվել հերցոգ Մալբորոյի դղյակում։ Նրանք այնտեղ մի քանի գեղեցիկ օր վայելեցին միասին` զբոսնելով, զրուցելով բնությունից, փիլիսոփայությունից, քաղաքականությունից, բայց ոչ միմյանց հանդեպ ունեցած զգացմունքներից։
Երբ արդեն պիտի վերդառնային Լոնդոն, Չերչիլն առաջարկեց միասին գնալ Դիանայի տաճար։ Ժամանակակիցների վկայությամբ, ուժեղ ամպրոպ ու անձրև սկսվեց։ Հորդառատ անձրևը, կայծակը, ծաղիկների բուրմունքը… առհասարակ բնությունն  ամբողջովին նպաստեց ամուսնության գեղեցիկ առաջարկին։ Չերչիլը ապագա կնոջը նվիրեց խոշոր ռուբինով և շատ մեծ երկու ադամանդներով զարդարված մատանի։

Նրանք պսակադրվեցին Վեսթմինսթերի պալատի եկեղեցում։ Աղջիկը 24 տարեկան էր, տղան` 33։ Եթե նախկինում Ուինսթոնը պոլոյի ու սուսերամարտի մոլի սիրահար էր, այժմ նրա ապրելակերպը լիովին փոխվել էր. «Օրվա մեջ հինգից վեց սիգար, երեք-չորս բաժին վիսկի ու ոչ մի սպորտ»։ Նա զբաղված էր իր կարիերայով, գրքեր էր գրում, պետության գործերն էր կարգավորում։ Ժամանակի ընթացքում հայտնվեցին ու հիմնավորվեցին վատ սովորություններ. ողջ գիշեր նա կազինոյում գումար էր պարտվում կամ շահում, առավոտը սկսում էր կոնյակով, ավարտում վիսկիով։ Կուբայական սիգարների նրա սիրո մասին բոլորը գիտեին։ Նա կարող էր քնել սիգարը բերանում, երբեմն էլ այրել հագուստն ու շուրջը։ Կերակրի մեջ էլ նա ոչ մի սահմանափակումներ չուներ։ Միշտ ուտում էր համեղ ու շատ։

Կլեմենտինան երբեք չփորձեց փոխել ամուսնու տարօրինակ բարքերն ու ապրելակերպը։ Նա իդեալական ու իմաստուն կին էր և ուներ երջանկության հանդեպ յուրահատուկ մոտեցում։ Ավելի ուշ, երբ  ելույթ էր ունենում օքսվորդյան շրջանավարտների համար, նա ասեց. «Չարժի ստիպել ամուսիններին համաձայնել ձեզ հետ։Դուք ավելին ձեռք կբերեք, երբ չպնդեք ձեր կարծիքը։ Որոշ ժամանակ անց, կնկատեք, որ ձեր ամուսինը հասկացել է, որ դուք ճիշտ էիք»։

Ազատ ժամանակ Չերչիլը քարտաշություն էր սովորում և խոզեր էր բուծում։ Նա սիրում էր մամուլը ուսումնասիրել, բայց հեռուստատեսությունն այդպես էլ չընդունեց։ Այն համարում էր «լուսարձակ հիմարներրի համար»։ Հանրաճանաչ այս բրիտանացու կինը զբաղված էր չորս երեխաների դաստիարակությամբ և հասարակական գործունեությամբ։ Պատերազմի ժամանակ միսիս Չերչիլը ստեղծեց և ղեկավարում էր «Սովետական միության օգնության` Կարմիր խաչի հիմնադրամը»։ Ստալինն այդ առթիվ ու որպես  երախտագիտության նշան Կլեմենտինային նվիրեց ադամանդե շքեղ մի մատանի։ 1945 թ. մայիսի 9-ին Կլեմենտինան Մոսկվայում էր տոնում։

Դարի ամենահայտնի հռետորը և ամենաճանաչված քաղաքական գործիչը մահացավ 90 տարեկանում։ Կլեմենտինան` 92-ում։ Այս մարդիկ լիովին տարբեր էին «ինչպես ջուրն ու քարը, ինչպես սառույցն ու բոցը», սակայն նրանք ապրում ու շնչում էին ներդաշնակորեն ու շնորհակալ էին կյանքից` իրենց ապրած յուրաքանչյուր վայրկյանի համար։