«Խմիչքի ազդեցության տակ ինձ պատկերացրել եմ Մխիթար Սպարապետ…». Մասիսում 67-ամյա հայրը սպանել է 39-ամյա դստերը

«Խմիչքի ազդեցության տակ ինձ պատկերացրել եմ Մխիթար Սպարապետ…». Մասիսում 67-ամյա հայրը սպանել է 39-ամյա դստերը
Դեկտեմբեր 7 22:50 2019

1in.am-ը գրում է․

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Համլետ Խ.-ի գործի դատական քննությունը:

67-ամյա Համլետ Խ.-ին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Համլետ Խ.-ին մեղսագրված էր իր հարազատ դստեր՝ 39-ամյա Լուսինեի դիտավորյալ սպանությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի ապրիլի լույս 20-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, Համլետ Խ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Մասիս քաղաքի իր տան հյուրասենյակում քնած, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող դստեր կողմից տհաճ ձայներ արձակելու պատճառով սկսել է հարվածներ հասցնել նրան, պահանջել է, որ աղջիկը ձայն չհանի, ապա, ըստ մեղադրանքի, գիտակցելով իր գործողության վտանգավոր հետևանքները, մոտեցել է դստերը, բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել պառկած դստեր կենսական կարևորություն ունեցող օրգանների՝ գլխի, դեմքի, կրծքավանդակի շրջաններին, պատճառել է ծանր վնասվածքներ, հետո դիտավորությամբ բռնել է դստեր պարանոցի դիմացի հատվածը, մյուս ձեռքով սեղմել-փակել է նրա քիթ-բերանը և խեղդելով՝ զրկել է կյանքից…

Համլետ Խ.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ պնդելով նախաքննական ցուցմունքները:

 

Նախաքննության ժամանակ Համլետ Խ.-ն հայտնել է, թե կնոջ մահից հետո ապրել է որդու և երկու դուստրերի հետ: Հետագայում դուստրերից մեկն ամուսնացել, հեռացել է հայրական տանից, 2017 թվականից առանձնացել ու առանձին է բնակվել նաև որդին: Ինքը շարունակել է ապրել դստեր՝ Լուսինեի հետ: Վերջինս ալկոհոլ է օգտագործել, ինչի պատճառով ինքը վիճել է նրա հետ, պահանջել է չխմել…

2018 թվականի ապրիլի 19-ին, ըստ Համլետ Խ.-ի, ինքն ամբողջ օրը եղել է տանը, առավոտից օղի է խմել: Տանն է եղել նաև Լուսինեն, նա մաքրել է տունը, ինքը չի նկատել՝ նա երբ է խմիչք օգտագործել: Ապրիլի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, ինքը հյուրասենյակում էր, իսկ Լուսինեն քնած էր նույն սենյակում: Ինքը մտածում էր դստեր կողմից խմիչքը չարաշահելու մասին: Ժամը 4-ի սահմաններում որոշել է քնել, բայց Լուսինեն սկսել է քնած տեղը տհաճ ձայներ արձակել: Ինքը պահանջել է, որ նա ձայն չհանի, բայց Լուսինեն չի արթնացել ու իրեն չի լսել: Ինքը ավելի ու ավելի է նյարդայնացել, մոտեցել է նրա մահճակալին, սկսել է բռունցքներով հարվածել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին: «Հարվածել է ամբողջ ուժով… Լուսինեն արթնացել է, սկսել է գոռգոռալ, խնդրել է չհարվածել, պաշտպանվել է ձեռքերով, խոստացել է այլևս չխմել…»:

Բայց, ըստ Համլետ Խ.-ի, ինքն ավելի է բորբոքվել, բռնել է դստեր պարանոցից, «ցանկացել է խեղդել, բայց չի ցանկացել, որ նա մահանա…»: Շարունակել է պարանոցը սեղմել… Լուսինեն ձեռքերով հրում էր, բայց ինքը, խմած լինելով, բաց չէր թողնում նրա պարանոցը… Հետո Լուսինեն անշարժացել է… Ինքը պառկել է բազմոցին ու շարունակել է խմել, իսկ առավոտյան ժամը 9-ի սահմաններում մոտեցել է Լուսինեին, տեսել է, որ նա չի շարժվում, պարզել է, որ մահացել է… Այդ մասին հայտնել է հարևաններին, նրանք զանգել են շտապօգնություն…

Համլետ Խ.-ն ասել է՝ գիտակցում է, որ դուստրը մահացել է իր գործողությունների արդյունքում, բայց նրան սպանել չի ցանկացել…

Դատարանում պատասխանելով կողմերի հարցերին՝ Համլետ Խ.-ն ասել է, թե ինքը ալկոհոլ հաճախ է օգտագործել, խմիչքի ազդեցության տակ իրեն պատկերացրել է որպես… «Մխիթար Սպարապետ»… Լուսինեն նույնպես խմիչքի նկատմամբ սեր ուներ, ինքը նրան նախատում էր, պահանջում էր, որ չխմի… Դեպքի ժամանակ իրենք երկուսն էլ խմած էին… Դուստրը քնած ժամանակ կենդանիների ձայներ էր հանում, ինքը դրանից ջղայնացել է, պահանջել է ձայն չհանել, հետո հարվածել է նրան… Չի հիշում՝ որ պահին է խեղդել դստերը…

Հետո պառկել է քնելու, լուսադեմին արթնացել ու զգացել է, որ Լուսինեն ձայն չի հանում: Մոտեցել, տեսել է՝ նա չի շարժվում, չի շնչում… Ինքը դուրս է եկել, հարևաններին ձայն է տվել, նրանք զանգել են շտապօգնություն…

Կատարվածը լիովին գիտակցել է, երբ ոստիկանությունում էր…

Տուժողի իրավահաջորդը Համլետի մյուս դուստրն էր՝ Լուսինեի քույրը: Նա հայտնել է, թե եղբայրը հեռացել էր հայրական տանից, քանի որ հայրն ու քույրը խմիչքը չարաշահում էին: Հայրը պարբերաբար քրոջը սաստում էր…

Քրոջ մահվան մասին ինքն իմացել է մորաքրոջից: Իր համար անհավատալի է, որ հայրը կարող էր սպանել Լուսինեին: Ընդհանրապես՝ հայրը հանգիստ ու բարի մարդ է էությամբ, եթե բարկացել է քրոջ վրա՝ միայն խմիչք օգտագործելու պատճառով կարող էր լինել…

Հարևանները նշել են, թե գիշերային ժամերին Համլետի տանից պարբերաբար վիճաբանության ձայներ էին լսվում, հայր ու աղջիկ հաճախ էին ոգելից խմիչք օգտագործում և պարբերաբար վիճում էին իրար հետ:

Բնակարան ժամանած բժշկական անձնակազմին Համլետ Խ.-ն դիմավորել ու ասել է, թե դուստրը լավ չի՝ կանացի խնդիրներ ուներ, մի քանի օր իրեն լավ չէր զգում… Բժշկուհին մոտեցել է անկողնուն, զննել ու պարզել է, որ անկողնում պառկած կինը մահացած է, նրա մարմնին՝ դեմքին, կրծքին բազմաթիվ կապտուկներ կային, շրթունքները կապտած էին… Համլետն ասել է, թե առավոտյան արթնացել, տեսել է՝ դուստրն այդ վիճակում է…

Բժշկական անձնակազմը ահազանգել է ոստիկանություն…

Համլետի որդին հայտնել է, որ հայրական տնից հեռացել ու առանձին է բնակվել հոր խմելու, իր հետ անհիմն վիճաբանելու պատճառով: Քույրն էլ էր խմիչք օգտագործում, ինքը նրան առաջարկում էր հեռանալ հոր մոտից, բնակվել իր հետ, բայց քույրը հրաժարվում էր, ասում էր՝ չի կարող հորը մենակ թողնել… Հայրն ու քույրը վիճում էին միայն խմած ժամանակ, սթափ վիճակում նրանք լավ հարաբերությունների մեջ էին… Լուսինեն պաշտպանում էր հորը… Իրենց տուն մարդիկ չէին գալիս՝ հոր ու քրոջ կողմից խմիչքը չարաշահելու պատճառով, իր իմանալով՝ քույրն ընկեր-ընկերուհի չուներ, ուրիշների հետ չէր շփվում…

Դատական հոգեբանը դատարանում հայտնել է, թե դեպքի պահին Համլետ Խ.-ն եղել է «անորոշ աստիճանի հարբածության վիճակում», որոշել՝ անձը նման պայմաններում գտնվե՞լ է աֆեկտի վիճակում, թե՞ ոչ՝ գիտականորեն որևէ մեթոդով հնարավոր չէ…

Համլետ Խ.-ն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել է մեղսունակ:

Դեպքի վայր բնակարանում՝ խոհանոցում ու պատշգամբում հայտնաբերվել են օղու բազմաթիվ դատարկ շշեր…

Դատարանը որպես ապացույց զննել է տեսագրություն. դեպքից հետո բերման ենթարկված Համլետ Խ.-ն պատմել է՝ ինչպես է սպանել. «Չգիտակցելով՝ հարբած վիճակում սպանել եմ… Ինքը քնած ժամանակ ձեներ էր հանում, ու էդ ձեները անընդհատ էր, չէր լռում, մի քանի անգամ խնդրել եմ, խնդրելով, աղաչելով, պաղատելով, ձենս վրեն բարձրացնելով՝ չէ որ չէ, ձեները չէր կտրվում… Ոչ մի բանով, ձեռով, մենակ ձեռով… եմ խփել… ու խեղդել եմ…»:

Դատարանը Համլետ Խ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 8 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի ապրիլի 20-ից:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

loading...