Գյումրիում դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից


Գյումրիում դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից
Դեկտեմբեր 7 15:53 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։

 

 

Վերածնվող Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ են եկել չորս փոքրիկներ. նախագահ Սարգսյանը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին, շնորհավորել նրանց և մաղթել, որ մանուկներն ուրախություն բերեն իրենց ծնողներին, ընտանիքներին ու Գյումրիին։

 

 

 

Հանրապետության նախագահը ծանոթացել է այս հիվանդանոցում աշխատող երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ, որը մեկնել էր Սուդան՝ փոխարինելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է նրա մարդասիրական գործունեությունը։

 

Գյումրիի Ավստրիական հիվանդանոցը գործում է 1991թվականից՝ Ավստրիայի Հանրապետության կողմից տրամադրված միջոցներով: 2006 թվականից այստեղ կատարվում են տարբեր վիրահատություններ, գործում է վերակենդանացման-նեոնատոլոգիայի բաժանմունքը՝ հագեցած ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով:



loading...