Պարո՛ն Օհանյան, ուրեմն զբաղվեք Ձեր գործով, Դուք ինձ մի՛ ասեք՝ ինչով զբաղվեմ, հերիք եղավ, բոլ եղավ․ Ալեն Սիմոնյան


Պարո՛ն Օհանյան, ուրեմն զբաղվեք Ձեր գործով, Դուք ինձ մի՛ ասեք՝ ինչով զբաղվեմ, հերիք եղավ, բոլ եղավ․ Ալեն Սիմոնյան
Հունիս 11 12:51 2024

ԱԺ նիստերի մեկնարկը բավականին լարված ընթացավ։ Քննարկվում էր ընդդիմության կողմից հրավիրված արտահերթ նիստի կայանալ-չկայանալու հարցը և ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների ելույթները փոխադարձ մեղադրանքներով ուղեկցվեցին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այդ ամենից հետո հայտարարեց, թե իր համար ակնհայտ է՝ ասելիքի բացակայության պատճառով հիմա փորձ է կատարվում սադրանքներ իրականացնել ԱԺ նիստերի դահլիճում։

«Ես զգուշացնում եմ ձեզ, ձեր այդ հեգնական խոսքը, մասնավորապես, պարոն Խաչատրյան, բովանդակության բացակայության պատճառով անհարգալից վերաբերմունքը գործընկերների․․․»,- Սիմոնյանը խոսքը կիսատ թողեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից նկատեց․ «Դիտողությո՛ւն արեք բոլորին»։

«Պարո՛ն Օհանյան, ուրեմն զբաղվեք Ձեր գործով, Դուք ինձ մի՛ ասեք՝ ինչով զբաղվեմ, հերիք եղավ, բոլ եղավ»,- արձագանքեց ԱԺ նախագահը։

Օհանյանն էլ ի պատասխան նշեց․ «Ես ինչ ուզում էն էլ անում եմ»։

«Եղավ, ինչ ուզեցիք՝ արեցիք, լռե՛ք։ Ես ձեզ խնդրում եմ հարգելի պատգամավորներ, չտրվել սադրանքների, մարդիկ ասելիք չունեն, դատարկ է բովանդակությունը, փորձում են սադրանքներ կազմակերպել, խնդրում եմ դա ի նկատի ունենալ»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին: