Կիրանցի սահմանազատումը ավարտվել է. «Արբանյակով արել, պրծել են, սրանից ավել էլ ինչ պետք է անեին». գյուղապետ


Կիրանցի սահմանազատումը ավարտվել է. «Արբանյակով արել, պրծել են, սրանից ավել էլ ինչ պետք է անեին». գյուղապետ
Մայիս 23 16:41 2024

Կիրանց գյուղի հատվածում սահմանազատման աշխատանքներն ավարտվել են։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը՝ նշելով, որ սահմանազատումը դեռ մայիսի 15-ին են ավարտվել։

«Արբանյակով արել, պրծել են։Սրանից ավել էլ ինչ պետք է անեին»,- նշել է նա։

Գյուղապետի փոխանցմամբ՝ ներկայումս դպրոցականները հաճախում են հին դպրոցը, վերջին զանգն էլ այնտեղ կկազմակերպվի։

Նոր դպրոցի շինարարությունը, գյուղապետի փոխանցմամբ, շարունակվում է, սակայն դժվար թե նոր ուսումնական տարում այնտեղ դասապրոցես կազմակերպվի։ «Նոր դպրոցը վտանգավոր տեղում է, դժվար էլ նոր դպրոց գնան», - ասաց Կիրանցի գյուղապետը։

Ներկայումս ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ միջպետական ճանապարհի նոր հատվածի վերակառուցման ուղղությամբ։

«Ես երկու օրով սար էի գնացել, վերադառնալիս տեսա ճանապարհի շինարարությունը, իսկ գյուղում նույն վիճակն է»,- «Փաստինֆո»-ին ասաց գյուղի բնակիչ Նազարյանը։