ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան


ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան
Մայիս 7 18:02 2024

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է.

«ՀՀ ինքնիշխան տարածք է համարվում այն ֆիզիկական-աշխարհագրական տարածությունը, որի վրա տարածվում և գործում է ՀՀ օրենսդրությունն ու իրավազորությունը:

Որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ որոշել ՀՀ ինքնիշխանության և իրավասության ներքո գտնվող տարածքի պատկանելությունն ու կարգավիճակը:
 
ՀՀ ինքնիշխան տարածքը կարող է փոխվել միայն ՀՀ Սահմանադրության 205 հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով` հանրաքվեով:
 
Մասնավորապես. Տավուշի մարզի քննարկվող 4 գյուղերում մինչև վերջին զարգացումները, գործում էր ՀՀ օրենսդրությունը, այսինքն հանցագործության դեպքում նախաքննությունն իրականացնում էր ՀՀ քննչական մարմինը ՀՀ դատախազության հսկողությամբ և ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, հասարակական կարգի պահպանությունն իրականացնում էր ՀՀ Ոստիկանությունը, իսկ անվտանգությունն ապահովում էին ՀՀ Զինված ուժերը:
 
Վերջին 30 տարին գործել է այս կանոնը, և ՀՀ որևէ պետական մարմին կամ պետական պաշտոնյա երբևէ չի հրաժարվել իր գործառույթների իրականացումից այն հիմնավորմամբ, թե այդ 4 գյուղները ինչ-որ քարտեզով չեն հանդիսանում ՀՀ ինքնիշխան տարածք:
 
Հետևաբար, խնդրո առարկա 4 գյուղերը հանդիսացել և ներկայումս հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ դրանք  ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետությանը հանձնելուն ուղղված ցանկացած գործողություն հանցագործություն է` ՀՀ Քր. օրենսգրքի 421 հոդվածի հատկանիշներով:
 
Եթե սույն արարքը կատարվել է թշնամու կողմն անցնելու կամ լրտեսության միջոցով, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, ապա վերը նշված ՀՀ քր. օրենսգրծի 421 հովածին ավելանում է նաև 418 հոդվածը` պետական դավաճանության հանցակազմով:
 
Հետևություն․ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև չկա ստորագրված և վավերացված սահմանագծման մասին միջազգային պայմանագիր, հայտնում եմ, որ ՀՀ կառավարության ղեկավարը` իր ենթակա իրավասու պետական պաշտոնյաների հետ, դիտավորությամբ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելության կանոնները, միանձնյա կամ խմբի կողմից թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետք է ստանա քրեաիրավական պատշաճ որակում և գնահատական ՀՀ գլխավոր դատախազության կողմից` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով»։