Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին


Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին
Մայիս 6 11:36 2024

Մայիսի 3-ի և 4-ի առատ տեղումները խնդիրներ են առաջացրել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում, քաղաքապետարանի գործակարգավորական նիստին հայտարարեց Կամո Արեյանը։

«Պատճառներից մեկն այն է, որ քաղաքի այդ հատվածում մեծ էր տեղումների ծավալը, մյուսը՝ հեղեղատարների իսպառ բացակայությունն է, օրինակ, Արշակունյաց պողոտայի աջակողմյան հատվածը: Մնացած հատվածներում ջրականգի պատճառների մեծ մասը պայմանավորված է եղել և՛ թողունակությունը չբավարարելու, և՛, իհարկե, մաքրման աշխատանքների հետ»,-ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նա տեղեկացրեց, թե «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցների հետ շրջայց են իրականացրել, մաքրվել են բոլոր հանգույցները։

«Այս պահի դրությամբ խնդիր ունենք Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է մակերևույթային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը: Կուտակումների պատճառը դառնում է նաև կիսանջատ համակարգը, երբ հեղեղատարը միացված է կոյուղատար համակարգին, առատ անձրևների դեպքում բարձրանում է ջրի մակարդակը, ցանցի թողունակությունը չի բավարարում, բարձրանում են դիտահորերը»,-նշեց Արեյանը։

Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանն ասաց, թե արդեն  մեղավորներ փնտրելն էլ կարևոր չէ, որովհետև կա մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք այս կամ այն պատճառով հանգուցալուծում չեն ստացել:

«Այս տարի կառավարության, «Վեոլա ջրի» մեր գործընկերների հետ պետք է որևէ հանգուցալուծման գանք: Մեզ պետք է մի ընկերություն, որն ամբողջ ցանցի պատասխանատվությունն իր վրա կվերցնի: Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի»,-ասաց Ավինյանը։