Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն Քյոսայանի կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ Կիսելյովինը․ ՔՊ պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին


Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն Քյոսայանի կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ Կիսելյովինը․ ՔՊ պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին
Ապրիլ 30 15:55 2024

Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն «Ուրբաթ Քյոսայանի» հետ կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ, օրինակ Կիսելյովի հաղորդումը։

Այս մասին ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Ես լսեցի Ձեր դիտարկումը «Ուրբաթ Քյոսայանի հետ», թե Սոլովյովի հաղորդման վերաբերյալ, բայց օրինակ լրագրողական համայնքը ինձ հարց էր ուղղել, թե ինչու միայն այս երկու հաղորդումները և ոչ, օրինակ, Կիսելյովի հաղորդումը, որտեղ ևս հնչում է բավականին հակահայկական քարոզ հայ ազգի պետականության, ընտրված իշխանության վերաբերյալ»,- ասաց պատգամավորը։

Հակոբյանը նշեց, որ այստեղ երկու խնդիր կա։

«Ռադիո Սպուտնիկը, քանի որ տեղական, մեր կողմից լիցենզավորված կազմակերպություն է մենք լիակատար գործիքակազմ ունենք այդ բովանդակության դեմ պայքարելու, ինչը արեցինք և 30 օրով փակեցինք, որը նախադեպ չուներ»,- ասաց նա։

Ինչ կապված է հեռուստաընկերությունների հետ, Հակոբյանը նշեց, որ դրանք գործում են համաձայն միջկառավարական պայմանագրի և այստեղ հանձնաժողովի գործիքակազմերը և լիազորությունները միայն մշտադիտարկման արդյունքում տեղեկանք կազմելն ու ուղարկելն է ԲՏԱ նախարարություն, ինչն իրենք պարբերաբար անում են։

«Ցավոք, մինչև վերջերս այդ մեր ահազանգերի ու զեկույցների վրա նախարարությունն ուշադրություն չէր դարձնում։ Հիմա նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկում, աշխատում  է ռուսական կողմի հետ և շուտով Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ-որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական և Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,- ասաց նա

Սակայն, ըստ ՀՌՀ նախագահի, դա խնդիրը չի լուծում, որովհետև բացի հանրային մուլտիպլեքսից կան նաև կաբելային ալիքներ, որտեղ դա անխափան գնում է։

«Նրանց քարոզը հակահայկականությունը չէ, նրանք օրենսգիրք են խախտում։ Ի՞նչ են խախտում․ շատ ժամանակ բռնության կոչեր են տարածում, պատերազմ հրահրում, մենք պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք, մենք պետք է ունենանք վերահսկողություն, որ սա թույլ չտանք, դրա համար պետք է վերանայվի այդ պայմանագիրը։ Իսկ երբ ունենանք տեսալսողական մեդիայի օրենքը՝ խմբագրված, պետք է բացառվի օտար հեռարձակողների լինելը մեր հանրային մուլտիպլեքսում»,- շեշտեց նա։