Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները


Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները
Ապրիլ 24 14:36 2024

Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի կրճատումը նվիրագործող ինչ-որ «ստոլբով» (այո՛, «ստոլբա», որովհետև հայերենի ոսկեղենիկ «սյուն» բառն այս դեպքում գործածելը մեղք է), որը փոխարինելու է եկել իրական պաշտպանություն ապահովող կահավորված ամրությանը և տարածքին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին սպառնալիքներ և վիրավորանքներ է հնչեցրել Հայաստանի և հայության հասցեին՝ ընդ որում՝ օտարերկրացի հյուրերի ներկայությամբ, վերհաստատելով նաև բոլոր հակահայկական նախապայմանները։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

 

«Հայերիս անվանելով «հոգեբանական շեղումներ» ունեցողներ, ինչն ակնհայտ ատելության խոսք է, ժառանգական այս բռնապետը, կրկնել է, իբր, խաղաղության հասնելու համար իր առաջ քաշած բոլոր նախապայմանները՝ այսպես կոչված, «թուրանական միջանցք», Հայաստանի սահմանադրության և զինանշանի փոփոխություն, Հայաստանի, ըստ էության, զինաթափում և այլն։

Սա է թշնամու իրական վիճակը և մտադրությունը, իսկ մնացած ամեն ինչ պատրանք է՝ հերթական կոտորածի դուռ բացող պատրանք»,- նշել է նա: