Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքը


Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքը
Ապրիլ 23 21:44 2024

Տավուշյան ներկայացումից երկու օր անց Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես տվեց Հայաստանի հյուսիսում թշնամուն տարածքներ հանձնելու գործընթացի մեկնարկը։ Ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնության` ադրբեջանական կողմը երկու կետում դուրս է գալիս Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ճանապարհը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի ճակատագրին է արժանանում, որտեղով, ի դեպ, անցնում է նաեւ Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը։

 

Սա իր հերթին նշանակում է, որ եթե ՀՀ իշխանությունները չեն ցանկանում հայտնվել էներգետիկ բլոկադայի մեջ, ապա պետք է այդ հատվածում շրջանցող գազամուղ կառուցեն, ըստ փորձագետների` խոսքը մոտավորապես 10 կմ երկարությամբ հատվածի մասին է:  Իսկ յուրաքանչյուր կիլոմետրի արժեքը մոտավոր հաշվարկներով 2-3 միլիոն դոլար է: Հասկանալի է, որ ռուսական էներգո-կոռպորացիան՝ «Գազպրոմը» իր գրպանից չի վճարելու Փաշինյանի արկածախնդրության դիմաց և, ըստ էության, գազամուղի այդ հատվածի կառուցման ֆինանսական բեռը ընկնելու է կառավարության վրա: Փաշինյանի կաբինետը պատեհ և անպատեհ առիթներով վարկեր է ներգրավում միջազգային կազմակերպություններից, կասկած անգամ չկա, որ այս անգամ էլ հարցի ֆինանսական կողմը փորձելու են փակել հենց վարկերի միջոցով: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ սպառողների համար գազի գինը կարող է թանկացնել հենց կառավարությունը:

 

Ավելորդ է ասել, թե ինչ մուլտիպլիկատիվ էֆեկտ է սա ունենալու: Տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի: Ըստ ոլորտի փորձագետների՝  գազի գնի 10-15% բարձրացումը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների համար: Օրինակ, թարմ մրգեր-բանջարեղենների, պահածոների գերակշռող մասն արտահանվում են, հետևաբար՝ նաև արտահանման տեսանկյունից այստեղ կարող է խնդիր առաջանալ՝ գազի թանկացումն ընդհանուր ապրանքների գնի վրա կանդրադառնա:

Հանրությունը պետք է գիտակցի, որ այսօր Տավուշում տեղի ունեցողը միայն տավուշցու խնդիրը չէ, Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշումներն ու միակողմանի զիջումները հարվածելու են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և գազի գնի հնարավոր բարձրացումը այդ հարվածի ընդամենը մեկ դրսևորումն է...