Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Աբրահամյան


Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Աբրահամյան
Ապրիլ 20 11:08 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման գործընթացի մեջ, ապա ոչ թե պետք է հայտարարվեր, թե աշխատանքը Տավուշից են սկսում, այլ կներկայացվեր պրոցեսի հիմնական սկզբունքներն ու ճանապարհային քարտեզը:

Այս գործընթացի հետ կապված հանրային սուր արձագանքը որքան էլ սպասելի է, բայց այս անգամ ևս մեր ունեցած բարդ խնդիրների մասին է արձանագրում` մի կողմից ամեն մի նոր ճգնաժամի պատրաստ չլինելու, մյուս կողմից` դրանց չափազանց ուշ արձագանքելու տեսանկյունից:

Նույն Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին, մանավանդ, երբ սկզբնական շրջանում ադրբեջանցիները փորձել էին այն նույնիսկ եռակողմ հայտարարության տեքստ մտցնել, բայց այն ժամանակ փաշինյանական իշխանությունից այլ սպասելիքներ և զիջումներ էին ակնկալում ու սրանց դեմքը միացյալ ուժերով փրկեցին:

Անցնող 3-4 տարիների ընթացքում այս խնդրի մասին որոշ գործիչներ, փորձագետներ, լրագրողներ բազմիցս են խոսել, իսկ մի ամիս առաջ Փաշինյանն արդեն բաց տեքստով է խոստովանել, բայց չգիտես թե ինչու շատերի համար էր միայն երեկվա իրադարձություններն էին շոկային:

Նույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում»:

Իր հանձնողական քաղաքականությունն իրացնելու ճանապարհին իշխանությունը բոլոր միջոցներով ոչ իշխանական դաշտում անտարբերություն, անվստահություն և պառակտում է մտցնում, ոմանք գիտակցված կամ չգիտակցված մտնում են այդ դաշտ, իսկ հետևանքն այն է, որ ամեն նոր հանգրվանային փուլում հասարակության ակտիվ, առողջ և կարող խմբերը մոտենում են անպատրաստ, խոցելի և վիրավոր:

Կարելի է՞ այս հանգամանքները հաշվի առնելով ամեն ինչ ավարտված համարել:

Իհարկե, ոչ: Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ, սակայն դրանք ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա, ինչը պետք է հիմնված լինի ոչ թե հուզականության կամ ձևականության, այլ պրագմատիկ հաշվարկների վրա»: