Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցում


Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցում
Ապրիլ 19 18:34 2024

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին:

 

Հարց - Նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ: Ի՞նչ է ստանում Հայաստանը:

 

Պատասխան – Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները: