Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը


Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը
Ապրիլ 18 19:40 2024

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործուղվել էր Տավուշի մարզ, հանդիպելու` Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր համայնքի բնակիչների հետ: 

Այցից հետո Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ էր հրապարակել, որտեղ 24News-ը նկատեց, որ հանդիպմանը ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Փորձեցինք կապ հաստատել վերջինիս հետ` հասկանալու, թե նա ի՞նչ նպատակով էր գտնվում հանդիպմանը:

Դավիթ Սարգսյանը նախ չէր պատասխանում մեր զանգերին, հետո ի վերջո պատասխանեց, լսելով, որ լրատվականից է, նշեց. «Այս պահին հանդիպման եմ նստած չեմ կարող պատասխանել, եթե կարելի է՝ մի քիչ ուշ»:

Մեր այն հարցին, եթե մի քիչ ուշ անհասանելի չի դառնալու, խնդիր չկա, Սարգսյանը խրոխտ տոնով նշեց. «Ես անհասանելի չեմ դառնում առհասարակ, կարծում եմ` էդ տպավորությունը չեմ էլ թողել»:

Պայմանավորվեցինք 1 ժամից զանգել, սակայն կրկին Դիլիջանի քաղաքապետը սկսեց չպատասխանել մեր զանգերին: 

Համառորեն կրկին փորձեցինք և անհասանելիչդարձող քաղաքապետը չնայած պատասխանեց, բայց ոչ բովանդակային:

Նախ նշեց, որ եթե չի պատասխանում ուրեմն զբաղված է, ճշտեցինք` հիմա հարմա՞ր է, որ մեկ-երկու հարց հղենք, Սարգսյանն ասաց. «Ի՜նչ հարց եք ուզում հղեք` հղեք»:

Ուզում ենք իմանալ, թե երեկ Նիկոլ Փաշինյանի... հարցը մինչև վերջ անգամ չլսելով, անհասանելի չդարձող քաղաքապետը ասաց` հաջողություն և անջատեց հեռախոսը: 

Հիշեցնենք, որ նա նույն քաղաքապետն է, որն անգամ բարձրագույն կրթություն չունի և նախկինում ընդամենը բենզալցակայանի աշխատակից է եղել, իսկ որ ամենազավեշտալին է` հայտարարագիրը լրացնելիս սեռը դաշտում նշել էր` «արու»։