Հայաստանին վերապահվում է միայն «գործիքի» դերը, որի միջոցով ԱՄՆ-ն, ԵՄ-ն ցանկանում են նոր, մեծ հրդեհ բռնկել. Զախարովա


Հայաստանին վերապահվում է միայն «գործիքի» դերը, որի միջոցով ԱՄՆ-ն, ԵՄ-ն ցանկանում են նոր, մեծ հրդեհ բռնկել. Զախարովա
Ապրիլ 18 15:13 2024

Ակնհայտ է, որ և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում նպատակ են դրել կոտրել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամբողջական զանգվածն ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներում, խարխել տարածաշրջանային անվտանգության, տնտեսական համագործակցության մեխանիզմները, որոնք հիմնված են ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զարախովան:

«Ինչպես հասկանում ենք՝ արևմտականները ձգտում են կռվացնել մտերիմ հարևաններին՝ ի դեմս Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի... Հայաստանին վերապահվում է միայն գործիքի դերը, որի միջոցով ԱՄՆ-ն, ԵՄ-ն ցանկանում են նոր, մեծ հրդեհ բռնկել: Դա Միացյալ Նահանգները, Արևմուտքն անել սովորել են, իսկ հաշտեցնել, կարգավորման հասնել, արյունահեղությունը դադարեցնել չեն կարողանում»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ միամտություն է ենթադրելը, որ Արևմուտքի հետ համագործակցությունը կբարձրացնի Հայաստանի պաշտպանողականությունը, սահմանային անվտանգությունը, կապահովի տնտեսական զարգացումը:

«Ընդհակառակը՝ Հայաստանին ցանկանում են զրկել ամեն ազգայինից՝ ազգային պաշտպանությունից, ազգային տնտեսությունից, ազգային էներգետիկայից՝ դրա փոխարեն տալով անիրագործելի ճանապարհային քարտեզներ, թղթի վրա մնացող ծրագրեր և անվերջանալի դեմագոգիա: Հետո, հոգնելով այդ խաղից և լուծելով սեփական կոնյուկտորային խնդիրները, արևմտականները, ինչպես որ դա տեղի է ունեցել բազմիցս աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանը կշպրտեն»,- ասել է Զախարովան: