«Հայաստանի ազգային անվտանգության միակ սպառնալիքը ՀՀ կառավարությունն է։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ցանկացած ազգային կառույցի քաղաքացու՝ իր զիջումներից դուրս գործող ցանկացածին, կարող է սպառնալ, բանտարկել, ինչպես արել է Արմեն Աշոտյանի և մյուսների նկատմամբ, բայց միևնույն է, դա չի կարող կասեցնել հայրենիք ծախելու իր վարած քաղաքականության դեմ պայքարը»,- 168TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձագանքին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հնչեցրած այն մտքին, ըստ որի՝ Արցախն ունի վտարանդի կառավարություն։ Հիշեցնենք՝ Կառավարության երեկվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ, կամա թե ակամա, անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ Հայաստանի համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականուցնում է որպես կառավարություն, ապա դա ազգային անվտանգության խնդիր է։ ՀՀ-ում ՀՀ կառավարությունից բացի այլ կառավարություն լինել չի կարող»։ |