«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար)


«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար)
Մարտ 26 20:49 2024

Տելեգրամը շատ հարմար սոցհարթակ է, բայց միաժամանակ այն նաև շատ վտանգներ է պարունակում, հատկապես երիտասարդ սերնդի համար: Այդպես, պատկան մարմիններն էլ ընդունում են, որ Տելեգրամով թմրամիջոցների վաճառքը ծաղկում է և այդ կեղտոտ սխեմաներում հաճախ հայտնվում են դեռահասները:

 

Եվ ահա նոր սպառնալիք. դեռահասներին փորձում են ներքաշել ինչ-որ մութ գործարքների մեջ՝ խոստանալով դրա դիմաց խոշոր վարձատրություն:

Մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, հանրային վայրերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, կիրառվել նոր համակարգեր։ Բայց դա, ինչպես տեսնում ենք, հանցագործներին ամենևին էլ չի խանգարում փորձել կյանքի կոչել իրենց ծրագրերը:

 

MediaHub-ին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ երկու օր առաջ իր 14-ամյա որդին Տելեգրամում անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացել՝ վարձատրության դիմաց առաջադրանք կատարելու առաջարկով։ «Սկզբից մտածել է՝ կատակ է, հետո ուղարկել են «Դալմա մոլ»-ի լուսանկարը, թե գումարի դիմաց զանգեք, ասեք, որ ռումբ կա տեղադրված։ Բնականաբար, որդիս բացառել է»,- ասաց մեզ դիմած քաղաքացին։

 

«Երբ ստացել եմ հաղորդագրությունը, զանգել եմ, բայց անջատել են ու գրել՝ «զանգով հարմար չի, գրեք»։ Ես տան մեծերին ցույց տվեցի ինձ ուղարկված նամակները, հետո արգելափակեցինք, որ չշարունակի»,- իր հերթին ասաց պատանին։  

Մի քանի ժամ անց տվյալ բաժանորդն այլևս գոյություն չուներ Տելեգրամում՝ ջնջվել է:

Թե ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենի ետևում կանգնած, ի՞նչ նպատակներ են հետապնդում, պարզ չէ: Բայց դժվար թե այս ամենը կատակ լինի:

Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը, ինչպես նաև ծնողների․ հանցագործները շարունակում են թիրախում պահել երիտասարդներին, ինչն անչափ վտանգավոր է ու լրջագույն սպառնալիք: