Երևանում ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի․ Փաշինյան


Երևանում ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի․ Փաշինյան
Մարտ 16 21:58 2024

«ՀՀ-ում գոյություն ունի 60 ԲՈՒՀ։ Սա մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պետք է լինի»,- Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«60 ԲՈՒՀ նշանակում է 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան, 1 000 դեկանի տեղակալ և այդպես շարունակ»,- հաշվարկել է Փաշինյանը, ապա հավելել, որ իրենք չեն զարմանում, որ երբ «բուհական համակարգի բարեփոխումների» մասին են խոսում, հասարակության մոտ լարվածություն է առաջանում, սակայն, նրա խոսքով, իրենք ԲՈՒՀ-ական համակարգի թերություններն զգում են «ամեն տեղ»։

«Եթե մենք ՀՀ-ում ԲՈՒՀ-երը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի ԲՈՒՀ հավաստագրում չի ստանա»,- պնդել է Փաշինյանը, ապա հավելել՝ այս առումով «Ակադեմիական քաղաքը» իրենց համար «չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է», և այդ ծրագրի շրջանակում  նախատեսել են, որ Երևանում ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի, բոլորը պետք է գործեն «Ակադեմիական քաղաքում»։

«Ի վերջո, Երևանում երկարաժամկետում  ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի։ Բոլոր բուհերը՝ հայաստանյան, թե օտարերկրյա, մասնավոր, թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- հայտարարել է Փաշինյանը։