Սա ուղղակի քաղաքական գործընթացների համար կարող է որոշակի փաստական հիմք հանդիսանալ. Արա Ղազարյան


Սա ուղղակի քաղաքական գործընթացների համար կարող է որոշակի փաստական հիմք հանդիսանալ. Արա Ղազարյան
Հունվար 21 18:34 2023

Փաստաբան Արա Ղազարյանը կարծում է, որ օրերս Եվրոպական խորհրդարանի ընդունած «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքները» բանաձևը մատնանշում է ԵՄ քաղաքականությունն այդ հարցում:

«Դա պլատֆորմ է, որում կայացվել է որոշում, այն պատմական փաստ է դառնում, և դրանից կարող են օգտվել դատարանները՝ առաջին հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը: Դա կարող է որոշակիորեն ազդել Ադրբեջանի գործողությունների վրա»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց իրավաբանը:

Նկատենք՝ բանաձևը ենթադրում է ԵԽ-ի կողմից շուրջ 11 քայլ, այդ թվում՝ Ադրբեջանին կոչ է անում հարգել և կյանքի կոչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը, ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, Ադրբեջանին կոչ է անում ապագայում զերծ մնալ տրանսպորտի, էներգետիկայի և հաղորդակցական կապերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև խաթարելուց, կոչ է անում միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Հարցին՝ արդյո՞ք միայն նման բանաձևերով, հայտարարություններով, դատապարտումներով հնարավոր է հասնել իրավիճակի հանգուցալուծման՝ ապաշրջափակման, Արա Ղազարյանը պատասխանեց. «Միայն նման հայտարարություններով, իհարկե՝ ոչ: Սա ուղղակի քաղաքական գործընթացների համար կարող է որոշակի փաստական հիմք հանդիսանալ, իսկ իրավական գործընթացների համար դրանք՝ որպես երկրորդային ապացույցներ, նշանակություն ունեն»:

Ի դեպ, Եվրոպական խորհրդարանի բանաձևը զայրացրել է պաշտոնական Բաքվին. Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղում, և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։Ադրբեջանցի պատգամավորները բանաձևն անվանել են «կողմնակալ և անարդար»:

 

Հիշեցնենք՝ 41 օր է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ինչի հետևանքով 120.000 մարդ հայտնվել է շրջափակման մեջ: