Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել․ պահանջում է իրեն դատախազի կենսաթոշակ նշանակել


Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել․ պահանջում է իրեն դատախազի կենսաթոշակ նշանակել
Հունվար 14 13:32 2023

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը դեկտեմբերի 27-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության։

 

 

Հայցադիմումի համաձայն՝ Ջհանգիրյանը պահանջ է ներկայացրել պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել իրեն դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշում և անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի 05.12.2022 թվականի գրությունը և 04.10.2022 թվականի որոշումը՝ հայցվորին դատախազի կենսաթոշակ չնշանակելու մասով:

 

Գործը մակագրվել է դատավոր Աննա Դիլբարյանին։

 

Հունվարի 3-ին հայցադիմումն ընդունվել է վարույթ։

 

«ՀՀ միասնական սոցիալական ծառայության՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի փետրվարի 2-ին, ժամը 15:00-ին»,-ասված է որոշման մեջ։

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից․ պարզաբանման համաձայն՝ առողջական խնդիրների պատճառով։