Իրավապահ համակարգը վերադառնում է միջնադար. Գլխավոր դատախազի թեկնածուն կարծում է դատախազները պետք է կրկին գործեր քննեն


Իրավապահ համակարգը վերադառնում է միջնադար. Գլխավոր դատախազի թեկնածուն կարծում է դատախազները պետք է կրկին գործեր քննեն
Հունիս 29 15:34 2022

Դատախազության համակարգին խորը ճգնաժամ է սպասվում ու հետընթաց։ Դա արդեն ակնառու է՝ ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրության ընթացքում բարձրացվող հարցերից և դրանց տրվող պատասխաններից։

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին հարց ուղղեց՝ դատախազների կողմից գործերը կրկին քննելու մասին. «Գիտենք, որ նախկինում դատախազությունն իրականացնում էր նաև նախաքննություն, հիմա ուղղակի իրականացնում է դատախազական վերահսկողություն նախաքննություն իրականացնող մարմինների նկատմամբ։ Ինչ եք կարծում, ընդհանրապես, այն գաղափարի մասին, որ դատախազությունը կրկին իրականացնի նախաքննություն՝ ինչ-որ չափով, իսկ եթե ոչ, ապա գոնե անել այնպես, որ քննիչն ու դատախազն ավելի սերտ համագործակցային միջավայրում աշխատեն, այնպես, որ դատախազն ամենօրյա, ամենշաբաթյա ռեժիմով հետևի գործի քննությանը, որ վերջում, երբ դատախազը գնա դատարան՝ որպես մեղադրող՝ ոչ թե թղթերից ծանոթանա, այլ՝ դեպքի վայրում լինի։ Ամեն ինչ չէ, որ թղթով կերևա, կարձանագրվի, կան բաներ, որ պետք է քո աչքով տեսած լինես»։ Աննա Վարդապետյանն էլ, ըստ էության, համաձայնեց՝ նշելով, որ երբ 2006թ դատախազության համակարգից քննչական մարմինը դուրս էր գալիս՝ ինքն ավարտում էր բակալավրիատը, այդ ժամանակ ինքը հետազոտություն է կատարել, թե ընդհանրապես մեզ պետք է արդյոք հանել այդ մարմինը դատախազության համակարգից, չի խզվի այդ կապը։

 

«Իմ անձնական կարծիքը կասեմ, որը 2006թ ի վեր չի փոխվել։ Ես կարծում եմ և այն ժամանակ էլ կարծում էի, որ այդ մարմինները պետք չէ առանձնացնել միմյանցից։ Այն խնդիրները, որի մասին ես խոսում եմ՝ շփման, գալիս է մեկ ինստիտուտի մեջ չլինելուց»,- նշեց Վարդապետյանը՝ հավելելով. «Այսօր էլ ես կարծում եմ, որ կա երկու ճանապարհ՝ կամ ինստիտուցիոնալ առումով զսպումների, հակակշիռների մեխանզիմում գտնենք այն ճիշտ համագործակցությունը՝ անձերով չպայմանավորված, որ անկախ անձերից ինստիտուտներն աշխատեն կամ կանցնի մի որոշ ժամանակ և կքննարկվի՝ նշված ինստիտուտին վերադառնալու հավանականությունը։ Ես հակված եմ եղած ինստիտուտների պայմաններում ֆունկցիաների և ոչ անձանց՝ ինստիտուտների հիման վրա ստեղծված մեխանիզմներ ստեղծել, որ իրենք տարբերակ չունենան իրար հետ քննարկելու»։

Արման Եղոյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ կարելի է իրավական պարտադիր ուժ ունեցող կարգավորումներով այնպես անել, որ անկախ անձնական հարաբերություններից՝ քննիչն ու դատախազը ստիպված լինեն աշխատել համագործակցային միջավայրում, որպեսզի դրանից գործի բազմակողմանի քննությունը չտուժի։

Ըստ էության՝ Եղոյանն ակնարկեց վերջին շրջանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի միջև հրապարակային փոխհրաձգություններին, որոնք դրսևորվում էին տարբեր գործերով մեղադրական եզրակացությունները չհաստատելով, դրանց շուրջ արձագանքներով, իսկ առավել ցցուն էր Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի շուրջ կառույցների միջև հակասությունները։ Այսինքն՝ նման անակնկալներից խուսափելու համար կա՛մ օրենսդրական փոփոխություններով հետընթաց կլինի համակարգում և դատախազները ոչ թե դատավարական հսկողություն կիրականացնեն, այլ՝ կրկին կսկսեն քննել գործեր, կա՛մ էլ՝ էլ ավելի կիջեցվի գլխավոր դատախազի նշաձողը և դատախազությունը իրավապահ համակարգի ամենամեծ ուժ ունեցող կառույցից կվերածվի քննիչների որոշումները դակող կառույցի, ըստ էության՝ կրկին կորցնելով հսկողություն իրականացնելու ֆունկցիան։ Նշենք, որ գործող դատախազական համակարգից քննչական մարմինը տարիներ առաջ առանձնացվել է հենց շահերի բախումից և կոռուպցիոն դրսևորումներից խուսափելու համար։

Ավելին, դատախազը մեղադրանքի կողմ է, իսկ քննիչը պարտավոր է ապահովել բազմակողմանի քննություն, այս երկու ինստիտուտները մեկտեղելու ընթացքում ի սկզբանե կանխորոշվում է նախաքննական մարմնի մեղադրական ուղղվածությունը, ավելին՝ գերատեսչական շահով պայմանավորված այլեւս դատախազը կաշկանդված կլինի խոսել նախաքննական մարմնի բացթողումների մասին ու դրանով պայմանավորված ավելի կնվազի քննության որակը։