ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանտում խոշտանգել են մեկ անձի. ԱԱԾ-ին չի հաջողվել պետին կալանավորել


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանտում խոշտանգել են մեկ անձի. ԱԱԾ-ին չի հաջողվել պետին կալանավորել
Հունվար 28 11:40 2022

Ուշագրավ մանրամասներ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանի բերման ենթարկելու գործընթացից:

Ինչպես հայտնի է հունվարի 20-ին ԱԱԾ բերման էին ենթարկել ու ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին:

Թե ի՞նչ հիմքով էր Սարգսյանը բերման ենթարկվել, նախարարությունից չէին մանրամասնել: Ինչեւէ ստեղծված իրավիճակի շուրջ. եւ պետի ձերբակալման մասով ArmLur.am-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, ինչի ի պատասխան վերջինս հայտնեց. «Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և խոշտանգման դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում «Դատապարտյալների հիվանանոց» ՔԿՀ պետը, ևս երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ: Դատախազությունն է քրեական գործով նախաքննությունը հանձնարարել ՀՀ ԱԱԾ-ին:
Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի: Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով դրանք բավարարվել են, ՔԿՀ պետի մասով՝ դատարանը չի բավարարել միջնորդությունը: Քանի որ դատախազության գնահատմամբ այդ դատական ակտն անհիմն է, դրա դեմ Դատախազության կողմից տարվել է վերաքննիչ բողոք»:

Ի դեպ, ըստ լուրերի, չկալանավորված ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Ավելին, Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն է ու թերեւս կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ ահա ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը մնաց ազատության մեջ:

Քնար Մանուկյան