Քննչական կոմիտեն Անդրանիկ Մակարյանին ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրել ու մոռացել նրա մասին


Քննչական կոմիտեն Անդրանիկ Մակարյանին ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրել ու մոռացել նրա մասին
Մայիս 6 20:27 2021

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք առաջադրվել է դեռ ամիսներ առաջ, որն այս օրերին իշխանությունները փորձեցին ներկայացնել նորովի։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ քրեական գործի շրջանակներում և երբ է մեղադրանք առաջադրվել Մակարյանին, արդյոք նրա մասնակցությամբ եղել է առերես հարցաքննություն, երբ է վերջին անգամ Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել կամ այլ քննչական գործողության մասնակցել։

Այսպես, ՔԿ-ից հայտնել են, որ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել 2021թ փետրվարի 22-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ հայցվող այլ տեղեկատվություն՝ կապված Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ քննչական գործողությունների հետ՝ ՀՀ քննչական կոմիտեն չի հայտնել։ Ավելին՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր, թե սույն քրեական գործի շրջանակներում քանի զինվորականի է մեղադրանք առաջադրվել և ինչ հատկանիշներով, արդյոք հարցաքննվել են ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարույթն իրականացնող մարմինը նպատակահարմար չի համարում քրեական գործի շրջանակներում հրապարակել նախնական քննության տվյալները»,- նշել են ՔԿ-ից։

«Փաստինֆո»-ն Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանից փորձեց ճշտել, թե երբ է վերջին անգամ Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ քննչական գործողություն կատարվել եւ ինչ նոր հանգամանք է ի հայտ եկել, որ իշխանությունները օրեր առաջ փորձեցին նորից ակտիվացնել նրան մեղադրանք առաջադրելու վերաբերյալ տեղեկատվական հոսքերը, սակայն պարզվեց, որ տևական ժամանակ է, ինչ Մակարյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։

Ըստ նրա՝ առիթ չկար մի քանի ամսվա մեղադրանքը նորից վերհանել, թարմացնել, այդ մարդկանց գործողությունները հասկանալի չէ, տրամաբանություն չկա նրանց արարքներում։

Ինչ վերաբերում է Մակարյանի նկատմամբ հնարավոր մտասևեռվածությանը, Մակինյանը նշեց, որ չի կարծում, թե դա ուղղված է հենց Անդրանիկ Մակարյանի դեմ, նման տպավորություն չկա, դա ուղղված է բանակի դեմ։ Ըստ փաստաբանի՝ նման բարձրաստիճան սպային առաջադրված նման անհեթեթ մեղադրանքն առաջին հերթին մեղադրանք է՝ ուղղված բանակի դեմ, պետականության հենքերի դեմ, առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո