Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին Փաշինյանի հայտարարությունը նախընտրական է. Առանց բանակի՝ երկիրը չունի ապագա. Արման Աբովյան


Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին Փաշինյանի հայտարարությունը նախընտրական է. Առանց բանակի՝ երկիրը չունի ապագա. Արման Աբովյան
Ապրիլ 19 22:00 2021

Չի կարելի օգտագործել ստեղծված իրավիճակը և անհասկանալի հայտարարություններ անել: Պետք է հստակ հասկանալ, որ առանց բանակի ներուժի ամրապնդման երկիրը չունի ապագա և պետք է բալանսը գտնել: Բանակը կարևորագույն ինստիտուտ է և բանակին պետք է մոտենալ շատ մեծ զգուշությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը.

«Ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- Վայոց Ձորում հայտարարել էր Փաշինյանը:

ԲՀԿ քարտուղարի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը նախընտրական է.

«Այս հայտարարությունը լոկ նախընտրական հայտարարություն է՝ առանց որևէ հասկանալի հիմնավորումների և թեզերի: Այն, ինչ Փաշինյանը հայտարարել է, այնքան թերի է և անհասկանալի, որ նույնիսկ քննարկելու թեմա չկա: Իշխանությունների բոլոր գործողությունները և հայտարարությունները,որոնք արվում են, հատկապես բանակի վերաբերյալ, պետք է հիմնավորված լինեն: Եթե հայտարարում են, որ ժամկետ են կրճատում, բա դրա փոխարեն բանակի մարտունակությունն ինչպե՞ս են պահպանելու»,-ասաց Աբովյանը և ավելացրեց. «Սխալ եմ համարում օգտագործել սկզբունքային խնդիրները, որոնք ծառացած են բանակի առաջ և դա դարձնել հերթական պոպուլիստական թեզը»:

Աղբյուր` Փաստինֆո