Սանկցիաների կիրառումը պետք է ստիպի Ադրբեջանին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. Արցախի ՄԻՊ


Սանկցիաների կիրառումը պետք է ստիպի Ադրբեջանին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. Արցախի ՄԻՊ
Ապրիլ 9 21:25 2021

Ադրբեջանի նկատմամբ միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի այդ երկրի իշխանություններին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Ըստ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի՝ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերեվարված անձանց մասնակցությամբ հրապարակված տեսանյութերի ամենամակերեսային ուսումնասիրությունը, դրանցում գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի դրսեւորումները, որոնք փաստագրվել են նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ հրատապությունը:

«Ադրբեջանական իշխանությունների կողմից հարցի քաղաքականացումը եւ արհեստական խոչընդոտների հարուցումը ի ցույց են դնում, որ այդ երկրում քաղաքակիրթ կոչերն ու հորդորները չեն հասկանում եւ այլեւս կասկածից վեր է, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի այդ երկրի իշխանություններին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:

 

Այս ֆոնին Ադրբեջանի կողմից հայերի հետ խաղաղ գոյակցության թեզերն ուղղակի կեղծ շղարշ են, որոնցով փորձ է արվում թաքցնելու հայերի նկատմամբ ատելությամբ լցված ադրբեջանական հասարակության եւ այդ ատելությունն իր գործողություններով օրեցօր սնուցող իշխանությունների իրական նպատակներն ու ծրագրերը»,– ասվում է Արցախի ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։



loading...