Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը


Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը
Հունվար 15 19:00 2021

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը, այդ թվում`Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հայտարարությունից բխող հարցեր:

«Նախարարները մտքեր են փոխանակել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրագործման վերջին զարգացումների, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարությունից բխող հարցերի շուրջ:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,֊ ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում երեք առաջնորդների հանդիպումից հետո ստորագրվեց համատեղ հայտարարություն: Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում: