Որդու զոհվելու մասին իմացել են 1 շաբաթ անց ծանոթի միջոցով. ՊՆ-ի ցուցակներում նրա անունը չկա. Hetq.am


Որդու զոհվելու մասին իմացել են 1 շաբաթ անց ծանոթի միջոցով. ՊՆ-ի ցուցակներում նրա անունը չկա. Hetq.am
Հունվար 14 21:13 2021

Մինչ օրս պաշտպանության նախարարության հայտարարած զոհվածների ցուցակներում չի նշվել Վարդան Զաքարյանի անունը։ Ծնողները որդու զոհվելու մասին իմացել են Վարդանի մարտական ընկերոջ հորից, ով այդ օրերին կամավորագրվել էր։ Վարդանը հուղարկավորվել է Եռաբլուրում, բայց նրա զոհվելու մասին որեւէ հիշատակում պետական որեւէ մարմնի կողմից չի եղել։ Ծնողներն ասում են՝ եթե ծանոթը չլիներ, հիմա երեւի որդու անունն էլ անհետ կորածների ցանկում լիներ։ ՊՆ-ի նման աշխատաոճը, ըստ ծնողների, կա՛մ անփութության հետեւանք է, կա՛մ զոհերի մեծ թվերը թաքցնելու միտում։ Ծնողների խոսքով՝ նույնիսկ Եռաբլուրում մոմավառության ժամանակ անունները կարդալիս չկար որդու անունը։

Զորակոչվելուց առաջ Վարդանը դասավորել էր խմիչքների հավաքածուն եւ խնդրել տնեցիներին ձեռք չտալ, մինչեւ կվերադառնար։ Պահարանում տարբեր չափերի ու ձեւի շշեր են։ Դրանց վրա արդեն փոշի է հավաքվել, սակայն մայրը՝ Գայանե Զաքարյանը, չի ուզում դիպչել որդու դասավորած իրերին։ Պահարանի վերեւում Վարդանի հավաքած նավերն են։ Որդու նախասիրություններից էին նավեր հավաքելն ու խմիչքների հավաքածուն թարմացնելը, որոնց երբեք ձեռք չէր տվել։

Հիմա Վարդանի սենյակում նրա մեծ լուսանկարն է՝ կողքին ծաղիկներ։ Հավաքածուի տերն այլեւս չի վերադառնա։ Այդ միտքը փաթաթվել է ծնողների կոկորդին՝ դժվարացնելով շնչելը։ Ցավը՝ շաղախված հիշողություններով, ծանրացրել է ծնողների ապրելը։

-Էս տունը հիպոթեքով եմ վերցրել։ Արդեն երրորդ տարին է։ Ամեն ինչ անում էինք իր համար։ Հիմա կոտրվեցինք, անիմաստ է էս ամեն ինչը։ Որոշել ենք տունը վաճառել, իր համար ավտո էինք առել, դա էլ կանգնած է։ Դա էլ ենք որոշել ծախել։ Մարդ որ ապրում է, ինչ-որ նպատակ է ունենում, չէ՞։ Աղջկաս ամուսնացրեցինք, երեք երեխա ունի։ Մտածում էինք Վարդանի մասին... Էսօր հօդս ցնդեց էդ ամեն ինչը,- հոգոց է հանում հայրը՝ Արթուր Զաքարյանը։

Տան նախասրահում լռությունը նման է լացի։ Մինչեւ կտեղավորվենք բազմոցին, հայրը դիմում է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին։

-Դուք եք վերջին անգամ տեսել Վարդանին,- ասում է հայրը՝ կախման կետերով ավարտելով ասածը։

Հակոբի աչքերը կարմրում են։ Պայուսակից հանում է լուսանկարչական սարքն ու աննկատ մաքրում աչքերը։ Հակոբն ուզում է պատասխանել, բայց ձայնը խզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։