Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, հայ ազգը սպառնալիքի տակ է.Մխիթարյան


Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, հայ ազգը սպառնալիքի տակ է.Մխիթարյան
Հոկտեմբեր 3 14:31 2020

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

«Մենք շարունակում ենք ականատեսը լինել Լեռնային Ղարաբաղի դեմ կատաղի հարձակումների: Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և գնդակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները վիրավորվել են ադրբեջանական հրթիռային հարվածներից:

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգը սպառնալիքի տակ է: Գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են: Եթե ​​այս ամենն այսօր չդադարեցվի, ապա վաղը այն դուրս կգա այս տարածաշրջանից և կընդգրկի այլ տարածքներ: Այսօր թիրախի տակ են մեր երեխաները, վաղը թիրախի տակ կլինեն ձեր երեխաները:

Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը ամեն ինչ անել Հայաստանի ու համաշխարհային խաղաղության դեմ սկսված ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- գրել է Մխիթարյանը՝ կից տեղադրելով Ադրբեջանի զինուժի հարվածների հետևանքով վիրավորված ու ապաստարաններում գտնվող երեխաների լուսանկարները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: