Հանդիպել են Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները

Հանդիպել են Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները
Փետրվար 16 13:34 2020

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ:

Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծեցին, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը:

Զրուցակիցները կարևորեցին բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։

 
Հանդիպել են Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները
loading...