Արցախի նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին


Արցախի նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին
Հունվար 20 17:00 2020

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

 
Գրառման մեջ , մասնավորապես, նշվում է.
 
«Սակայն սմարթֆոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան, զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարթֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները, սահմանված կարգով, արձանագրում են, իսկ հետո հետ հանձնում զինծառայողի ծնողներին:
 
Այս թեմային, գուցե, այդքան մանրամասն չանդրադառնայի, եթե կարգի խախտումները տեղեկատվական անվտանգության, իսկ որոշ դեպքերում՝ ավելի լուրջ հետեւանքերով սպառնալիքներ չպարունակեին:
 
Միանգամից պետք է արձանագրեմ, որ անհատական հեռախոսների կրման հետ կապված կարգը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բավականին բարդ է վերահսկել, իսկ սմարթֆոնների գործածությունն էապես մեծացնում է առանց այդ էլ առկա սպառնալիքները:
Այս հարցը, անվտանգության առումով, շատ կարեւոր եմ համարում, եւ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի սահմանված կարգը մի կողմից մատչելի լինի, մյուս կողմից` հեռախոսների օգտագործման կարգի խախտումները կտրուկ խստացվի: Չթույլատրվող սմարթֆոնների դեպքում, առավել եւս, կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը:
 
Կրկնում եմ՝ ի սկզբանե թույլատրվել են այն հեռախոսները, որոնք լուսանկարելու, տեսանկարելու, համացանցային կապից օգտվելու հնարավորություն չեն ընձեռում: Իսկ սմարթֆոնների հայտաբերման դեպքերը քիչ չեն` չնայած դրանք այսօր էլ արգելված են։
 
Ցանկանում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ զինծառայողները մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների համար առաջնային թիրախներից են, իսկ նրանց ներկայացվածությունը սոցիալական ցանցերում հնարավորություն է տալիս հակառակորդին հեշտորեն հետեւելու ինչպես նրանց շարժին, այնպես էլ, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ մեր զինված ուժերի գործունեության այնպիսի մանրամասների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն:
 
Սոցիալական ցանցերում ոչ միայն զինծառայողներն են հակառակորդի կողմից մշտադիտարկման ենթարկվում, այլեւ, որոշակի դեպքերում, նրանց ընտանիքի անդամները, հարազատները, որոնք, սովորաբար, զինված ուժերին վերաբերող տեղեկատվությամբ են կիսվում:
 
Քիչ չեն դեպքերը, երբ հայկական անուն ազգանուն կրող անձնական հաշիվներով, տարբեր շարժառիթներով, հակառակորդի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փորձում են կապ հաստատել իրենց հետաքրքրության դաշտում հայտնվածների հետ:
 
Մեթոդներն ու ձեւերն այնպիսին են, որ ոչ միշտ է հաջողվում կռահել, որ դիմացինդ ոչ թե սրտացավ հայրենակից է, այլ հակառակորդի հատուկ ծառայության ներկայացուցիչ: Խնդրանքս է մեր քաղաքացիներին զերծ մնալ հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց: Դրանով դուք վտանգում եք նրանց անվտանգությունը եւ մեծ ռիսկեր ստեղծում մեր ընդհանուր անվտանգային միջավայրի համար»:
 
https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/2780374865361347