Աղմկոտ «բարեգործները»


Աղմկոտ «բարեգործները»
Հոկտեմբեր 15 15:50 2019

«PARA TV» օնլայն հեռուստաընկերության տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային «վրաերթի» ենթարկելու և անօգնական թողնելու միջադեպին. «Սանասարյանի ամբողջ պատմության մեջ ինձ մի հարց է հուզում` երեխայի վիճակը: Թող իրավապահները պարզեն՝ ով է մեղավոր, ով` ոչ, բայց երեխան հիմա ունի խնդիր և, որքան հասկանում եմ, գումարի բացակայության պատճառով չեն կարողանում երեխային լիարժեք բուժել: Ամուսինս և ես պատրաստակամ ենք ամբողջությամբ հոգալ երեխայի բուժման ծախսերը: Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր կարող են կապ հաստատել այդ ընտանիքի հետ, խնդրում եմ գրել ինձ, քանի որ ինքս կոնտակտներ գտնել չկարողացա»,-գրել է Էլիզաբեթ Պետրոսյանը:

Տիկին Պետրոսյանի ամուսինը Սյունիքի նախկին մարզպետներից Վահե Հակոբյանն է։ Զույգն, իհարկե, փողի խնդիր չունի։ Բավական է ուսումնասիրել Հակոբյանի՝ պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին հայտարարագրած եկամուտները եւ ակնհայտ կդառնա, որ իրապես հիշյալ ընտանիքին օգնելով նրանք հաստատ չեն նեղվի։ Բայց որքանով են ամուսիններն ազնիվ իրենց մղումներում։

Նախ տարակուսանք է առաջացնում տիկին Պետրոսյանի գրառումն այն մասին, որ ընտանիքի վերաբերյալ կոնտակտներ գտնել չի կարողացել։ Արդյո՞ք նա կոնտակտներ չէր կարող գտնել իրենց պատկանող «PARA TV» -ի միջոցով։ Ի վերջո, ԶԼՄ-ներին այս կամ այն անձից հեռախոսահամար գտնելն այդքան էլ բարդ չէ, հատկապես, որ երեկվա հրապարակումներից հետո բազմաթիվ լրատվամիջոցների հաջողվեց արագորեն պարզել 9-ամյա երեխայի հասցեն ու ծնողի հեռախոսահամարը։ Բարեգործությունը մեր ժամանակներում լայն տարածում ունեցող երեւույթ է: Բայց, բարեգործությունից ավելի լայն տարածվում են դրա մասին աղաղակով գրառումներն ու հեռուստառեպորտաժները։ Ի վերջո ինչո՞ւ տիկին Պետրոսյանի ուշադրությունը գրավեց հենց այս ընտանիքը։ Արդյո՞ք երկրում տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ չկան։ Իհարկե կան, պարզապես նրանց անունները կապված չեն օրինակ Դավիթ Սանասարյանի հետ։

Միաժամանակ, կան բացառություններ, որոնց նպատակը հաստատ իսկապես բարեգործությունն է, այսինքն բարեգործությունը նրանց համար նպատակ է, ոչ թե միջոց։

Վերադառնալով վրաերթի թեմային, նշենք, որ իր հերթին Դավիթ Սանասարյանն է արձագանքել կատարվածին, հայտնելով, որ երեխան դարձել է գործիք ընտանիքի ձեռքին։ Զերծ մնալով տեսակետ հայտնելուց, նշենք միայն, որ ոստիկանությունն իր պարզաբանումով տեղեկացրել է, որ հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Irakanum.am