Մեկ շաբաթով Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը. Քննարկվելու են գործնական ծրագրեր

Մեկ շաբաթով Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը. Քննարկվելու են գործնական ծրագրեր
Սեպտեմբեր 18 10:41 2019

Որպես աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկիր, Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում, Վաշինգտոնում անցած Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում հայտարարել է կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա կարծիքով, 2018-ի Թավշյա հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի այլեւ՝ ողջ աշխարհի համար.

«Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում, միշտ հավատացել եմ սերտ հայ-ամերիկյան հարաբերություններին, սակայն երբեք դրանց ամրությանը չեմ հավատացել այնքան, որքան հիմա, միշտ հույս եմ ունեցել տեսնել Հայաստանը որպես ժողովրդավար երկիր, հիմա դա միայն երազանք չէ»:

Կոնգրեսականի կարծիքով, Հայաստանն այժմ ունի երեք հիմնական մարտահրավեր՝ Թավշյա հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում եւ հնարավորություններ բացել սեփական քաղաքացիների համար։

«Իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ, մարտահրավերներ որոնք ավելի հաղթահարելի են հանրության մեծ աջակցություն վայելող կառավարության համար»:

Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական եւ թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ, նշեց Ջեքի Սփիրը.

«Համոզված եմ, որ հպարտ ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, եւ մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»:

Ջեքի Սփիր-Կանչելյանին Ամերիկայի հայկական համագումարի պարգեւատրման արարողության կապակցությամբ հատուկ շնորհավորական նամակ էր ուղղել նաեւ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նամակ, որը կոնգրեսականի խոսքով իր համար հատուկ նշանակություն ունի.

«Ես մեծ հարգանք եմ տածում Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Բարդ է խոսքերով նկարագրել, նրա առաջնորդած խաղաղ իշխանափոխության կարեւորությունը, նրա՝ երկիրը առաջ տանելու ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը: Ես կփորձեմ աջակցել այդ կարեւոր գործին որքան կարող եմ, համոզված եմ, որ հենց դա կցանկանար մայրս»:

Կոնգրեսական Սփիրի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության ընդունված նախաձեռնությամբ Հայաստանին 2019-ին տրվելու է հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն:

loading...