Եթե Մ. Գրիգորյանը ցանկանա ներկայացնեմ իր շահերը, կմասնակցեմ. փաստաբանը չի հրաժարվել


Եթե  Մ. Գրիգորյանը ցանկանա ներկայացնեմ իր շահերը, կմասնակցեմ. փաստաբանը չի հրաժարվել
Փետրվար 16 14:00 2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ երեկվա ֆեյսբուքյան  գրառումը տարընկալումների առիթ է դարձել: Գրառման մեջ մասնավորապես ասվել է. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով:

ArmDay.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ գրառումը հատուկ մարդկանց համար է արված, այլ ոչ թե հասարակության լայն շերտերի և հատուկ ենթատեքստ ունի:

«Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից  ես չեմ  հրաժարվում, նրա մեղադրանքը համարում եմ անհիմն: Ինչպես ՀՔԾ-ն է հայտարարություն տարածում, նույն կերպ էլ ես եմ հայտարարություն տարածում, որ ՀՔԾ-ի հայտարարությունը իրականությանը  չի համապատասխանում զինվորի սնունդ յուրացնելու մասով»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ նախաքննությունն ավարտվել է, և եթե որպես  փաստաբան ցանկություն կլինի ներկայացնել Մանվել Գրիգորյանի շահերը,հաջորդիվ պայմանագրով այդ հարցը կկարգավորվի, կամ չի կարգավորվի:

«Նախաքննության փուլում մասնակցել եմ պայմանագրով, եթե դատաքննության փուլում ևս մասնակցեմ, էլի պայմանագրի դեպքում կմասնակցեմ»,-ասաց փաստաբանը: