Արսեն Թորոսյանն արձագանքել է Ն. Վանեսյանի հետ կապված սկանդալային միջադեպին


Արսեն  Թորոսյանն արձագանքել է Ն. Վանեսյանի հետ կապված սկանդալային միջադեպին
Հոկտեմբեր 25 13:33 2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նշանակումների շուրջ շարունակվում են դժգոհությունները: Այս անգամ ուշադրության կենտրոնում է գտնվել  Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, ով  երեկ սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում: 

Ինչպես հայտնել էինք, հոկտեմբերի 24–ին, միջադեպ էր եղել Երևանի պետական բժշկական համալսարանում:  Նարեկ Վանեսյանը բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագրի շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում անհավասարակշիռ պահվածք է ցուցաբերել՝ հարուցելով ներկաների զայրույթը, որից հետո մի խումբ բժիշկներ Նիկոլ Փաշինյանին, Արսեն Թորոսյանին, Արայիկ Հարությունյանին բաց նամակ էին հղել:

ArmDay.am-ը  միջադեպի հետ կապված կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ, որտեղից հայտնեցին, որ նախարարի  հայտարարությունից բացի այլ բան չեն կարող ավելացնել:

«Մամուլից ծանոթացա ինձ ուղղված բաց նամակին։ Այս պահին գործուղման մեջ եմ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Վերադառնալուն պես կպարզեմ բարձրացված հարցի հանգամանքները»,- գրել է նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

ArmDay.am-ը  կապ հաստատեց նաև  Նարեկ Վանեսյանի հետ, ով խոստացավ, ավելի ուշ պարզաբանում տալ տեղի ունեցածի հետ կապված: