Անկախ ներքաղաքական զարգացումներից՝ մեր հանձնաժողովը մոտական ամիսների ընթացքում շատ անելիքներ ունի. Արմեն Աշոտյան


Անկախ ներքաղաքական զարգացումներից՝ մեր հանձնաժողովը մոտական ամիսների ընթացքում շատ անելիքներ ունի. Արմեն Աշոտյան
Հոկտեմբեր 16 12:23 2018

Անկախ քաղաքական իրավիճակից՝ այս ԱԺ-ն անելիք ունի մինչև այն ժամկետը, քանի դեռ այն վավեր է, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ հանձնաժողովի 11 անդամներից նիստին մասնակցում էին 4-ը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը և «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը, կառավարությունից ներկայացուցիչ ևս ներկա չէր:

Հանձնաժողովում քննարկվեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի հոկտեմբերի վերջին:

Աշոտյանը հույս հայտնեց, որ այս Ազգային ժողովը կհասցնի կյանքի կոչել միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ հիմնադրելու ԵՄ-Հայաստան խորհրդարանական հարաբերությունները մեկ աստիճան բարձրացնելու իր առաքելությունը:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք մինչև վերջին մեր աշխատանքային օրը կատարենք մեր պարտականություններն ամբողջությամբ: Անկախ ներքաղաքական զարգացումներից՝ մեր հանձնաժողովը մոտական ամիսների ընթացքում շատ անելիքներ ունի և հուսով եմ, որ այս կանոնակարգը, որը ստորագրվելու է հոկտեմբերի վերջին, կդառնա դրա կարևոր հանգրվաններից մեկը», - նշեց նա