Armtimes.com-ն այսօր ահազանգ էր ստացել, որ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Ղուկասյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:
Ահազանգի իսկությունը ստուգելու համար, որպես Արման Սահակյանի շտաբի աշխատակից ներկայանալով, դիմեցինք մանկապարտեզի աշխատակիցներին, սակայն նրանք խուսափեցին տնօրենի հանձնարարականի վերաբերյալ որեւէ բան ասել:
Միակ տարբերակը մնաց անձամբ Սեդա Հակոբյանի հետ խոսել նույն եղանակով: Թիվ 38 մանկապարտեզի տնօրենի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
- Ալո, բարեւ ձեզ:
- Բարեւ ձեզ:
- Տիկին Հակոբյան դո՞ւք եք:
- Այո:
- Ներողություն, ինձ պարոն Սահակյանի շտաբից էին ասել գրանցումների հետ կապված: Հիմա մարդ կա, բայց Արաբկիրում ա գրանցվում, նորմա՞լ ա:
- Հա:
- Ոչ մի խնդիր չկա չէ՞, ինքը կկարողանա հանգիստ մասնակցի ընտրությանը, պրոբլեմ չի լինի չէ՞:
- Եթե Արաբկիրում ա, չէ: