ՍԱՍ-ի Արտակը միկրոֆոնից չկարողացավ օգտվել. Փաշինյանի հայտարարությունն ու նրա ուշացած «արձագանքը»


ՍԱՍ-ի Արտակը միկրոֆոնից չկարողացավ օգտվել. Փաշինյանի հայտարարությունն ու նրա ուշացած «արձագանքը»
Փետրվար 6 12:50 2017

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ անդրադարձավ իր կողմից հեղինակած «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները, եւ գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» նախաձեռնությանը: Նա նշեց, որ նպատակն այն է, որ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի երբեւէ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, առանց բացառության գույքային եւ եկամուտների ճակատագիրը: Փաշինյանն ասաց, որ նախորդ ուրբաթ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այն քննարկվել է, եւ խորհրդարանական մեծանասնության ներկայացուցիչների կողմից բացասական եզրակացություն է ստացել:

Մինչդեռ պատգամավորը նկատում է, որ հանձնաժողով ստեղծելու գաղափարը խիստ կարեւոր է, քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ներկայացնում ենք հայտարարագիր, բայց չկա մեխանիզմ ստուգելու արդյոք նրանք ճիշտ են ներկայացրել, թե ոչ, բացի այդ չի ներկայացվում նրանց փոխկապակցված անձանց եկամուտները:
Պատգամավորն ասաց, թե հարցադրումներ են հնչում, որ նախագիծը նախընտրական շրջանի համար է արվում: «Ես ուզում եմ ընդգծեմ, որ եթե նույնիսկ այդպիսի մեկնաբանություն կա, այն բացարձակապես չի վախեցնում, որովհետեւ մեզ համար ընտրական, եւ ընդհանրապես քաղաքական պրոցեսը առաջին հերթին քաղաքական բովանդակության եւ քաղաքական մոտեցումների եւ մեխանիզմների քննարկման հարթակ է, եւ ոչ թե պասպորտների քսերոքսների հավաքման գործընթաց»,- ասաց Փաշինյանը, դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, նշելով, թե բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից, ովքեր նշում են, թե ՍԱՍ-ի ղեկավարությունը իրենց ստիպում է վերագրանցվել այն տարածքում, որն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանը: Փաշինյանն ասաց, որ հատուկ է ընդգծում Արտակ Սարգսյանի անունը, որպեսզի նա գրանցվի եւ պարզաբանի, թե որքանով են համապատասխանում տեղեկություններն իրականությանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի քաղաքացիներին գողացվածը պետք է վերադարձվի ժողովրդին, բայց այն պետք է կատարվի առանց վենդետաների, առանց գիլյոտինների:

ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը փորձեց արձագանքել Փաշինյանին, սակայն միկրոֆոնը այդպես էլ միացնել չկարողացավ: Ի դեպ անցնող հինգ տարիների ընթացքում առաջին անգամ էր ՍԱՍ-ի Արտակը փորձում օգտվել միկրոֆոնից: Նա պարբերաբար կոճակն էր սեղմում: Նկատելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ձեռք տալ պետք չէ: Ի վերջո Արտակ Սարգսյանը արտաբերեց երկու բառ, ասելով, թե բոլոր այդ ասեկոսեները իր անվան հետ կապված իրականությանը չեն համապատասխանում:

Փայլակ Ֆահրադյան