Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան. «Փաստինֆո»


Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան. «Փաստինֆո»
Հոկտեմբեր 20 12:57 2019

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայ ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաեւ Եվրոկանա կոնվենցիային: «Փաստինֆո»-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

- Պարոն Կոստանյան, օրերս հայտարարել էիք, որ պատրաստվում եք հիմնովին ջախջախել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը: Ի՞նչ նկատի ունեք, ո՞րն է նման պատասխանատու հայտարարության հենքը:

- Այո, հայտարարել եմ ու վերահաստատում եմ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ եւ, քրեական գործը հարուցելու որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ` այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը: Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է: Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող եւ շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա` «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող: Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը եւ նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետեւաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ:

- Կներեք, եթե ճիշտ եմ հիշում Հայաստանում եւս նման նախադեպ եղել է, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ նշվել էր կոնկրետ դատավորի անուն, ինչը վիճարկվեց դատական կարգով…

- Այո, ճիշտ եք հիշում: Դրա հիման վրա մենք ունենք նաեւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը կայացվել է նաեւ ՄԻԵԴ նախադեպային որոշումները, մեկնաբանությունները նկատի ունենալով:

Այս փուլում արդեն կարող ենք արձանագրել, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետեւանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:



loading...