Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Օհանավան գյուղում կրակել ու սատկացրել են շանը. բակում կանգնած 32-ամյա քաղաքացին էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց


Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Օհանավան գյուղում կրակել ու սատկացրել են շանը. բակում կանգնած 32-ամյա քաղաքացին էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 18 12:03 2019

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ քունքագագաթային շրջանի փոքր ջնջխված վերք, վերքի խոռոչում օտար մարմնի առկայությամբ ոսպանման մետաղական բեկոր, ձախ ուսահոդի քերծվածք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Օհանավան գյուղի իր տան բակից և նա նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Սյուզաննա Խ.-ն է:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ անձը Օհանավան գյուղի 6-րդ փողոցի փակուղիներից մեկի տան հարևանությամբ իր մոտ եղած որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել շան ուղղությամբ, ինչի հետևանքով կոտորակները պատահաբար դիպել են բակում գտնվող Սյուզաննա Խ.-ին: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են նաև սպանված շանը:

Տեղում ոստիկանների աշխատանքը ղեկավարել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալ Հակոբյանը: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կրակողին և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: