Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. «Փաստ»


Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. «Փաստ»
Հոկտեմբեր 15 08:02 2019

««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից: 

Համալսարանի մեր աղբյուրի պնդմամբ, Ֆ. Թոխյանին աշխատանքից ազատելու հիմք են հանդիսացել ուսանողների բողոքները, դասերից պարբերաբար բացակայելու հանգամանքը, ինչպես նաև մի քանի այլ գործոններ, որոնք հրապարակման ենթակա չենք համարում: 

Նրա փոխարեն ամբիոնի վարիչ է ընտրվել Արթուր Ղամբարյանը:

 

Ըստ մեր աղբյուրների՝ ռեկտորատի առաջիկա նիստում քննարկվելու է նաև Թոխյանի դասախոսական գործունեությունը դադարեցնելու հարցը. ըստ այդ տեղեկությունների՝ Ֆելիքս Թոխյանն առաջիկա օրերին կհեռացվի Սլավոնական համալսարանից:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: Ըստ Դարբինյանի՝ համալսարանում գործելաոճ է ընտրվել, որ ամբիոնի վարիչները չլինեն համատեղողներ, այլ ամբողջովին ներգրավվեն համալսարանի աշխատանքներում, ու քանի որ ՍԴ անդամ է Ֆ. Թոխյանը, այդ որոշումը վերաբերում է նաև նրան:

Անդրադառնալով ընդհանրապես դասաժամեր ունենալ-չունենալու հարցին՝ ռեկտորը նշեց, որ իր ծանրաբեռնվածության հարցը որոշում է հենց Ֆելիքս Թոխյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: