Երևանում Ֆրանսիական համալսարանի և Եվրոպական ակադեմիայի ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ


Երևանում Ֆրանսիական համալսարանի և Եվրոպական ակադեմիայի ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ
Հոկտեմբեր 12 23:09 2019

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ «ճակատի պատռված վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 19-ամյա Հենրիկ Ե.-ն և 18-ամյա Գրիգոր Կ.-ն:

Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում նշված անձանց, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձինք Դավիթ Անհաղթի փողոցի 4 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հենրիկ Ա.-ն սովորում է Ֆրանսիական համալսարանում, իսկ Գրիգոր Կ.-ն՝ Եվրոպայական ակադեմիայում: