ԱԺ-ն ընդունեց հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը


ԱԺ-ն ընդունեց հարկային օրենսգրքի  փոփոխությունների փաթեթը
Հունիս 25 13:14 2019

Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին փաթեթը։

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

Քվեարկության արդյունքներն այսպիսին են՝ կողմ՝ 73, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 0։


Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչ 2023թ. եկամտահարկը կիջեցվի մինչև 20%։

Ըստ փոփոխությունների՝ եկամտային հարկի դրույքաչափի անընդմեջ կնվազեն առաջիկա 5 տարում։ 2019թ հուլիսի 1-ից՝ 23%, 2020թ հունվարի 1-ից` 22%, 2021թ հունվարի 1-ից` 21%, 2022թ հունվարի 1-ից` 20.5%, 2023թ հունվարի 1-ից՝ 20%։

Նախագծով շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։

2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առաջանցիկ տեմպերով կբարձրա­նան ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Կբարձրանա նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։

2019 թվականի հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ինչպես նաև 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը։ 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմա­նելով 150 դրամ։

Առաջարկվում է նաև ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նեկան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխարեն ներդնել միասնական միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավա­բանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը:
Նախագիծը մանրամասն՝ այստեղ / http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=10580&Reading=0 /



loading...