Արդյո՞ք գործ չունենք մի վիճակի հետ, երբ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները չավարտած՝ արդեն «նշանակվել» են անմեղները․ «Փաստ»


Արդյո՞ք գործ չունենք մի վիճակի հետ, երբ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները չավարտած՝ արդեն «նշանակվել» են անմեղները․ «Փաստ»
Հունիս 25 08:50 2019

«Փաստ»-ը գրում է. 

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ:

Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին համակարգից հեռացրել էին ապրիլյան պատերազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, մյուս կողմից, դրան զուգահեռ, աշխատանքները կարգին չսկսած ու դեռեւս որեւէ եզրահանգման չեկած, այդ փաստացի մեղավոր համարված ու աշխատանքից հեռացվածներից երկուսը վերադառնում են համակարգ:

Այս պարագայում շատերի շրջանում տրամաբանական հարց է առաջանում՝ արդյոք մենք գործ չունե՞նք մի վիճակի հետ, երբ քննիչ հանձնաժողովի աշխատանքները չավարտած՝ արդեն «նշանակվել» են անմեղները, եւ արդյոք ուղղակի հետագայում չե՞ն «նշանակի» «մեղավորներին»՝ ի սկզբանե «մտքում» պահած ունենալով նաեւ վերջիններիս»: