Իշխանությունները վեթինգի միջոցով մաքրելու են դատական համակարգը ազնիվ, խիզախ, սեփական կարծիք ունեցող դատավորներից. Ռ. Քոչարյան


Իշխանությունները վեթինգի միջոցով մաքրելու են դատական համակարգը ազնիվ, խիզախ, սեփական կարծիք ունեցող դատավորներից. Ռ. Քոչարյան
Հունիս 24 23:27 2019

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով վաղը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունենալիք դատական հերթական նիստին, ասաց, որ «որևէ սպասելիք չունի այդ դատարանից և դատավորից»:

Երկրորդ նախագահը նաև անդրադարձավ հարցին, որ դատական նախորդ նիստի ժամանակ դատավորը հեռացել է՝ առանց լսելու պաշտպանող կողմի տեսակետը, մասնավորապես Քոչարյանը նշեց, որ դատավորի այդ վարքը չլսված է.

«Կարծում եմ՝ այդ սցենարը նախագծված էր՝ լսել մեղադրող կողմին, լսել այս գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին և հետո մի զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանող կողմին՝ իր տեսակետը ներկայացնելուց: Արեցին ամեն ինչ, որ պաշտպանող կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը»:

Քոչարյանը նաև նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու էին «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները հրավիրվել դատարան, քանի որ քննվող գործը 10 սպանությունների դատավարություն չէ. «Սա ուղղակի մի սցենար էր, որը ենթադրում էր ներկայացնել դատախազության, այսօրվա գործադիր իշխանության տեսակետը և զրկել պաշտպանական կողմին այլ տեսակետ հնչեցնելու հնարավորությունից»:

ՀՀ երկրորդ նախագահը նաև կարծում է՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է արտահայտվի ժողովրդի կենսամակարդակի ամենօրյա բարձրացումով. «Ժողովրդի սերը պետք է արտահայտվի նրանով, որ ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, որ ժողովուրդը երեխաներին հագուստով ապահովելու խնդիրներ չունենա, սա է ղեկավարի, առաջնորդի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների շրջանում վեթինգ իրականացնելու հայտարարությանը՝ Քոչարյանը նշեց՝ համոզված է, որ այսօրվա իշխանությունները ցանկանում են պարզապես իրենց ձեռքը վերցնել իշխանության երրորդ ճյուղը՝ դատականը. «Դատական իշխանությունից Հայաստանում ամենադժգոհ մարդը ես պետք է լինեմ, որովհետև նույն դատարանը, նույն դատավորը մի քանի անգամ անհիմն կայացրել է կալանավորման որոշում և կալանավորում երկարաձգելու որոշում, բայց այն, ինչ արվում է այսօր դատական համակարգի նկատմամբ, չունի նախադեպը:

Ես պետական համակարգում երկարատև աշխատանքի փորձ ունեմ, ես չեմ լսել երբեք, որ որևէ մի երկրում, երկրի ղեկավարի կոչով արգելափակվեն դատարանները: Դա չլսված բան է: Ինչ վերաբերում է վեթինգին, ապա այն գործիքակազմ է, այդ երևույթը ընդհանրապես կապ չունի այն իրավիճակի հետ, որը տիրում է Հայաստանում»:

Քոչարյանի համոզմամբ՝ այս իշխանությունները վեթինգի միջոցով փորձելու են ազատվել այն դատավորներից, որոնք չեն ենթարկվում ճնշումների: «Իշխանությունները մաքրելու են համակարգը ազնիվ, խիզախ, սեփական կարծիք ունեցող դատավորներից»,-եզրափակեց նա: